211652_close_icon
views-count3777 դիտում article-date 12:05 07-04-2017

Երիտասարդական նվագախումբը պատրաստվում է Բեթհովենի անվան Զատկի փառատոնին

Բեթհովենի անվան Զատկի փառատոնում լեհաստանյան հյուրախաղերին ընդառաջ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 6-ին հանդես է եկել հայ հանդիսատեսի առջև։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացվել են Ղազարոս Սարյանի Սիմֆոնիկ պատկերները, Արամ Խաչատրյանի թավջութակի և նվագախմբի կոնցերտ-ռապսոդիան (մենակատար՝ Բարտոշ Կոզյակ, թավջութակ/Լեհաստան), Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադ» սիմֆոնիկ պոեմը (մենակատար՝ Ելենա Կորժենիվիչ/Ռուսաստան)։ Համերգը, ի դեպ, նվիրված էր Մայրության և գեղեցկության տոնին։ Թավջութակահար Բարտոշ Կոզյակը նշեց, որ սա իր երկրորդ համագործակցությունն է Երիտասարդական նվագախմբի հետ։ Առաջին անգամ ելույթ է ունեցել երեք տարի առաջ՝ Երևանում «Պենդերեցկու օրեր» փառատոնի շրջանակներում և կատարել է Պենդերեցկու Թավջութակի կոնցերտը։ Այս անգամ նա առաջին անգամ կատարում է Խաչատրյանի կոնցերտ-ռապսոդիան, որը, ըստ երաժշտի, շատ բարդ և ինքնատիպ ստեղծագործություն է։ Խոսելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասին՝ թավջութակահարը նկատում է, որ համագործակցությունը շատ լավ է ստացվում, երաժիշտները կարողանում են շատ ներդաշնակ հանդես գալ մենակատարի հետ։ Նվագախմբի ջութակահար Էրիկ Մանուկյանը, խոսելով Բեթհովենի անվան Զատկի փառատոնում իրենց առաջիկա մասնակցության մասին, նշում է, որ մեծ ոգևորությամբ են պատրաստվում այդ իրադարձությանը։ Իրենք հանդես եկել են Լեհաստանում, սակայն Զատկի փառատոնի շրջանակներում ելույթ են ունենում առաջին անգամ։ Ըստ ջութակահարի՝ դա պատասխանատու բեմել է, և հպարտ են, որ հայկական մշակույթը ներկայացնելու են երաժշտական աշխարհի այդ խոշորագույն իրադարձության շրջանակներում։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ապրիլի 6-ի համերգը ուղիղ եթերում հեռարձակվել է LiveList կայքով։ [b]Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ [/b]

Նմանատիպ նյութեր