211652_close_icon
views-count2915 դիտում article-date 19:06 06-04-2017

Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Պեկինում

Այսօր՝ ապրիլի 6-ին, Պեկինում Արտասահմանյան երկրների հետ բարեկամության չինական ասոցիացիայի կողմից տրվեց հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկան Ասոցիացիայի փոխնախագահ Սուն Ձինվուն և ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը: Միջոցառմանը մասնակցում էին ՉԿԿ Կենտկոմի և ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչներ, ներկա և նախկին դեսպաններ, դիվանագետներ, Չինաստանի Ժողովրդական-քաղաքական խորհրդատվական համաժողովի մշտական կոմիտեի փոխնախագահ Լուո Ֆուհեն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: Ընդունելությանը ՉԺՀ ազգային ֆիլատելիստական ընկերությունը հայկական կողմին փոխանցեց ՀՀ և ՉԺՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված հոբելյանական ծրարներ: Նույն օրը Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտում (ՌԱԵԿԱԻ) տեղի ունեցավ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված «Հայաստան-Չինաստան․ 25 տարվա բարեկամություն և նոր մեկնարկ» գիտաժողովը, որը համատեղ կազմակերպել էին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը և ՌԱԵԿԱԻ-ն: Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան Չինաստանի Հասարակական գիտությունների Ակադեմիայի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Հու Լեմինը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, ՌԱԵԿԱԻ-ի տնօրեն, պրոֆեսոր Լի Յունծյուանը, ՉԺՀ ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության խորրդական Ֆան Ռոնը: Հայ-չինական հարաբերությունների պատմական ընթացքի, քաղաքական հարաբերությունների զարգացման, տնտեսական համագործակցության և մշակութային առնչությունների մասին գիտական զեկույցներով հանդես եկան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ՌԱԵԿԱԻ-ի Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժնի վարիչ Հու Հոնվեյը, Հայաստանում Չինաստանի առաջին դեսպան Ճաո Սիդին, չինացի և հայ մասնագետներ: Գիտաժողովին ներկա էին նաև ՀՀ-ում ՉԺՀ նախկին դեսպանները, Պեկինում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և այլ ներկայացուցիչներ, չինացի գիտնականներ, լրագրողներ: Գիտաժողովի շրջանակներում Լի Յունծյուանը և Ռուբեն Սաֆրաստայանը ստորագրեցին ՉՀԳԱ-ի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ-ի Արևելագիտության ինստիտուտի միջև համագործակցության մասին համաձայնագիր:

Նմանատիպ նյութեր