211652_close_icon
views-count2877 դիտում article-date 11:04 06-04-2017

Պետականը կամ հանրայինը «թշնամու մալ» է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Գուցե կան Հայաստանում իդեալական մարդիկ, որոնք իրենց ողջ կյանքում ոչ մի սխալ չեն գործել և, հետեւաբար, այսօր մեր երկրում կատարվող վատ բաների համար պատասխանատու չեն: Ուրախ եմ այդ մարդկանց համար՝ նրանք իրավունք ունեն խոսելու միայն ուրիշների (հիմնականում, իհարկե, իշխանությունների և դրանց փոփոխվող առաջին դեմքերի) թերությունների մասին: Խիզախ և սկզբունքային մարդիկ են: Ցավոք, ես այդ իդեալից շատ հեռու եմ և ուզում եմ պատմել իմ թուլության, իմ անկարողության մասին: 20, 35, 45 եւ 55 տարեկանում ես, տեսնելով, որ որևէ մեկը պատրաստվում է որևէ անօրինական բան անել (թեկուզ փողոցում մայթին գցել ծխախոտի մնացորդը), ասում եմ՝ «այդպես չի կարելի անել»: 5 հոգուց 4-ը դրան պատասխանում է՝ «էս անտեր երկրում բանի հետևից ես ընկել»: Դա՝ լավագույն դեպքում: Ավելի «թունդ» տարբերակով՝ «էս կյանքում դու սենց հարիֆ էլ կմնաս»: Երբ ես 20 տարեկան էի, Հայաստանի ղեկավարը Կարեն Դեմիրճյանն էր, 35-ում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, 45-ում՝ Ռոբերտ Քոչարյանը, 55-ում՝ Սերժ Սարգսյանը: Նրանք, իհարկե, պատասխանատու էին մեր երկրի արատների համար, բայց ամեն քայլափոխի նրանց վկայակոչելն այնքան էլ համոզիչ չէ, որովհետև նրանցից ամեն մեկի ժամանակ կարելի է լինել եւ «շուստրի», և «հարիֆ»: Բայց, կրկնեմ, պատասխանն այդ 35 տարվա ընթացքում նույնն է՝ «էս անտեր երկիրը» թեմայով: Իսկ վերջին 25 տարվա համեմատական ազատության ընթացքում դրան գումարվում է «քաղաքական հավելվածը»՝ «բա որ Լևոնը…», «բա որ Ռոբերտը…». «բա որ Սերժը…»: Ո՞րն է իմ մեղքը, թուլությունը: Որ ես չեմ կարող մարդկանց համոզել, որ իրենց վարքը, իրենց վերաբերմունքը պետության հանդեպ պայմանավորված չէ պետության ղեկավարի և նրա մերձավորների անձով: Որ հակառակը՝ այդ անձինք են պայմանավորված պետության հանդեպ մեր վերաբերմունքով: Պետականը կամ պարզապես ուրիշինը մեծամասնության համար «թշնամու մալ է»՝ հիշո՞ւմ եք, մեր մեծերն էին մեզ այդպես կշտամբում, երբ մենք անզգույշ էինք վարվում որևէ իրի հետ՝ «ի՞նչ է, թշնամու մա՞լ է», այսինքն՝ թշնամու ապրա՞նք է: Քանի այդպես է, մենք կունենանք «համապատասխան» պետություն: Միջին վիճակագրական հայաստանցին, ի պատիվ իրեն, պատրաստ է կյանքը տալ հանուն հայրենիքի: Նույն հայաստանցին պատրաստ չէ ծխախոտի մնացորդը գցել աղբարկղի մեջ: Որովհետև կյանքը դու տալիս ես մի անգամ: Իսկ ծխախոտի մնացորդը ստիպված ես գցել ամեն օր: Ամեն րոպե»: [b]ամաբողջությամբ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր