211652_close_icon
views-count6711 դիտում article-date 21:53 04-04-2017

«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 9-րդ մրցույթը նվիրվում է Հայաստանի երաժշտական ընկերության 60-ամյակին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. մարտի 25-ից մեկնարկել է «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 9-րդ հանրապետական մրցույթը: Մրցույթ կազմակերպիչներն են` Հայաստանի երաժշտական ընկերությունը, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան, Երևանի քաղաքապետարանը: Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի և Արցախի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային և հասարակական կազմակերպությունների շուրջ 70 մանկապատանեկան երգչախմբեր: Մրցույթն անցկացվում է երկու փուլով և 2 կարգով՝ Կարգ Ա - Երաժշտական և արվեստի դպրոցների երգչախմբեր (կրտսեր և ավագ), Կարգ Բ - Հանրակրթական դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային և հասարակական կազմակերպությունների երգչախմբեր: Մրցույթի շրջանակներում գրվել են պարտադիր 3 ստեղծագործություններ. Կոմպոզիտոր՝ Ստեփան Շաքարյան, խոսք՝ Յուրի Սահակյանի, Կոմպոզիտոր՝ Վարդան Աճամյան, խոսք՝ Ավետ Բարսեղյանի, Կոմպոզիտոր՝ Վարդ Մանուկյան, խոսք՝ Կարո Վարդանյանի: Մրցույթի 1-ին փուլն իրականացվում է մարտի 25-ից ապրիլի 15-ը` ՀՀ մարզերում, Արցախում և Երևանում, 2-րդ փուլը՝ ապրիլի 29-30-ը, Երևանում: Մրցույթի մրցանակների հանձնումը և գալա համերգը կկայանա մայիսի 9-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Մրցույթի կազմկոմիտեի նախագահ Դ. Ղազարյանի դիտարկմամբ` ողջունելի է, որ ժամանակակից հայ կոմպոզիտորներն անդրադառնում են մանուկներին: Սա նշանակում է` նրանց դաստիարակել երգչախմբային արվեստի ոգով. «Մենք երգող ազգ ենք, ունենք Կոմիտաս, Եկմալյան, ինչպես նաև երգչախմբային հիանալի ավանդույթներ: Ուստի այս արվեստը մեզ միշտ հոգեհարազատ է»: Դ. Ղազարյանի տեղեկացմամբ` 2018 թվականին լրանում է Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության 60-ամյակը, և կազմկոմիտեի որոշմամբ «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթն այս տարի նվիրվում է նշված հոբելյանին:

Նմանատիպ նյութեր