211652_close_icon
views-count10652 դիտում article-date 13:14 03-04-2017

Այսօր Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում կկատարվի «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» միության նախագահ-հրամանատար Յուրի Միքայելյանի հոգեհանգիստը

Կյանքից անժամանակ հեռացած Արցախյան հերոսամարտի մասնակից, հրամանատար, հերոս հայորդի, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների» միության նախագահ Յուրիկ Հակոբի Միքայելյանի հոգեհանգստի արարողությունը կմեկնարկի այսօր` ապրիլի 3-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը կկատարվի ապրիլի 4-ին, ժամը 12-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Յ. Միքայելյանը ծնվել է 1952թ. ապրիլի 3-ին, Երևանում: Սովորել է թիվ 131 Յավրովի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել է Սննդի արդյունաբերական տեխնիկում: Ծառայել է խորհրդային բանակում, վերադառնալուց հետո աշխատել է սննդի բնագավառում, զբաղեցնելով բարձր պաշտոններ: 1988թ. եղել է Ղարաբաղյան շարժման առաջնորդ, մասնակցել է Արցախի ազատագրման և ՀՀ-ի սահմանների պաշտպանության մարտական գործողություններին: Հերոս հրամանատար, ով իր սխրանքներով օրինակ է հանդիսացել շատ շատերին: 2009թ. հիմնել է «Ղարաբաղյան Պատերազմի Վետերաններ» միությունը՝ իր շուրջը հավաքելով ազատամարտի բովով անցած հերոս տղաներին: Կազմակերպությունը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել բանակաշինության վեհ գործընթացին: Զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին բարոյական և նյութական աջակցություն է ցուցաբերել: Կազմակերպության գերնպատակն է եղել մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը: 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կազակերպությունը կրկին կանգնեց առաջնագծում, հայ զինվորի կողքին՝ լինելով Հադրութի շրջանում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Թալիշում: Ցավոք, Ապրիլյան քառօրյա պատերազի ժամանակ զոհվեցին բազում տղաներ, որոնք հերոսացան, դարձան հավերժի ճամփորդներ: Ի հիշատակ այս հերոս հայորդիների, ՀՀ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն իրականացնում է ծրագիր՝ «Մերօրյա անվանակարգի՝ Դուք մենակ չեք» անվանումով, որի հիմնական նպատակը քառօրյա պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին բարոյական և նյութական աջակցություն ցուցաբերելն է: Այն պատվով իրականացնում է Ղարաբաղյան Պատերազմի Վետերանների միությունը: Կազմակերպության նախագահի և խորհրդի որոշմամբ, յուրաքանչյուր զոհված հերոս հայորդին հետմահու պարգևատրվում է կազմակերպության «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով: ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՀԵՐՈՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ... Եվ պատահական չէ, որ նա կյանքից հեռացավ ապրիլի 2 ին, նրա հոգին համբարձվեց և միացավ բոլոր անմահացած հերոսներին:

Նմանատիպ նյութեր