211652_close_icon
views-count4667 դիտում article-date 18:59 31-03-2017

Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականները մեկնում են Եվրոպայի առաջնություն

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականներն ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մեկնում են Խորվաթիա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Դեռ մարտ ամսի կեսերին հրապարակված Սպլիտ մեկնող թիմերի կազմում փոփոխություններ չկան: Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ մտնելու են. տղամարդիկ՝ Անդրանիկ Կարապետյան՝ 85 կգ քաշային կարգ, Կարուշ Ղուկասյան՝ 94 կգ, Սիմոն Մարտիրոսյան եւ Սամվել Գասպարյան՝ 105 կգ, Գոռ Մինասյան եւ Ռուբեն Ալեքսանյան՝ +105 կգ, կանայք՝ Իզաբելլա Յայլյան՝ 58 կգ, Սոնա Պողոսյան՝ 75 կգ եւ Տաթեւ Հակոբյան՝ 90 կգ: Տղամարդկանց հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ ուսումնամարզական վերջին հավաքն ավարտել են այսօր առավոտյան, ամեն ինչ ընթացել է ըստ պլանի, եւ տղաների մարզավիճակը նորմալ է: Անդրանիկ Կարապետյանի մասին մարզիչն ասաց, որ նա Ռիոյում ստացած վնասվածքից հետո լիովին վերականգնվել է, սակայն Խորվաթիայում մեդալի համար պայքարելու առաջադրանք չի դրվում նրա առջեւ. «Մենք մի քանի պատճառներով Անդրանիկին չենք թողնելու ռիսկային կիլոգրամների մոտենալ: Նախ, նա առաջին անգամ է հանդես գալու 85 կգ քաշային կարգում: Երկրորդ, սա օլիմպիական խաղերից հետո նրա առաջին մեկնարկն է: Եվ երրորդ, հենց Անդրանիկն է մեր հավաքականից առաջինը մտնելու պայքարի մեջ, ինչը հոգեբանական որոշակի ճնշում է մարզիկի վրա: Անդրանիկը պետք է կրկին զգա մրցահարթակը, որպեսզի այնուհետեւ ավելի վստահ նախապատրաստվի աշխարհի առաջնությանը»,- ասաց Վիգեն Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր