211652_close_icon
views-count2143 դիտում article-date 17:33 31-03-2017

ԼՂ հակամարտության կարգավորման ոչ մի «Լավրովի պլան» գոյություն չունի. Սերգեյ Լավրով

ԼՂ հակամարտության կարգավորման «Լավրովի պլան» գոյություն չունի: Քննարկվում են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հավաքական առաջարկները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում: «Ավելի ճիշտ, խոսքն այն դրույթների մասին է, որոնք հնչեցվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում: Դրանք քաջ հայտնի են»,- նշել է նախարարը: Սակայն կողմերը տարբեր կերպ են տեսնում դրա բաղադրիչների կյանքի կոչման հաջորդականությունը, ասել է ՌԴ ԱԳ նախարարը: «Գլխավորը կողմերին հավասարակշռված քաղաքական լուծում գտնելու հարցում օգնելն է, որը թույլ կտա անցնել իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթի պատրաստմանը»,- ընդգծել է Լավրովը: Լավրովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն համագործակցում են միմյանց հետ: «Պարբերաբար այցելելով տարածաշրջան՝ նրանք, որպես կանոն, հանդես են գալիս միասնական դիրքերից Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցություններում: Հուսով եմ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մեր սերտ համագործակցությունը Վաշինգտոնի և Փարիզի հետ կշարունակվի»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Նմանատիպ նյութեր