211652_close_icon
views-count5304 դիտում article-date 21:05 25-03-2017

Քրիստոնեական, մուսուլմանական, հուդայական կրոններում Պահքը հավատի ամրապնդման միջոց է

Պահք, պաս, պահոց օրեր, պահեցողություն, ծոմ, ծոմապահություն, որոշ կրոններում ուտելիքի կամ դրա առանձին տեսակների համար որոշակի ժամկետով սահմանված արգելք, կերակուրներից լրիվ կամ մասնակի հրաժարում (պահեցողություն)։ Պահքի արտահայտած մյուս իմաստն ինքնաքննության ու խոկումի ժամանակաշրջանն է, հատկապես Մեծ պահոց շրջանը, երբ հավատացյալները ոչ միայն կերակուրներից են հրաժարվում, այլև՝ հեռու են մնում մարմնական հաճույքներից, ապաշխարությամբ ու աղոթասացությամբ չափավոր, զուսպ կյանք վարում։ Պահքը հիմնավորվում է մարմնի հանդեպ հոգու առաջնայնության ուսմունքով։ Քրիստոնեական, մուսուլմանական, հուդայական կրոններում Պահքը հավատի ամրապնդման միջոց է, որն ունի նաև մաքրագործական և ճգնակեցական նշանակություն։ Պահքը քրիստոնեական եկեղեցու կյանքի կարևոր երևույթներից է։ Բազմիցս վկայված է Աստվածաշնչում, ինչպես նաև «Նոր կտակարանում» երկնքի արքայությանն արժանի դառնալու և մեղքերից թողություն ստանալու համար։ Ներկայումս նույնացված Պահք և ծոմ բառերը նախկինում տարբեր իմաստներ են արտահայտել։ Ծոմ նշանակել է օրական մեկ անգամ ուտելով պաս պահել, իսկ Պահքը ընդհանրապես կերակուր չուտել։ Ներկայումս Պահք արտահայտում է պահեցողության այն տեսակը, որի ընթացքում թույլատրվում է գործածել բուսական ծագում ունեցող կերակուրներ զերծ մնալով ամեն տեսակ մսեղենից ու կաթնեղենից։ Ըստ Հայ եկեղեցու սահմանած կարգի, տարվա մոտ վեց ամիսը պահոց օրեր են։ Ըստ այդմ Հայ եկեղեցին տարվա օրերը բաժանել է երկու մասի տոնական և պահոց օրերի։ Եկեղեցական կանոնների համաձայն, յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի և ուրբաթ օրերը Պահք են։ Պահոց օրերը լինում են բուն պահոց օրեր, երբ պետք է հրաժարվել կենդանական ծագում ունեցող կերակուրների (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն) օգտագործումից և նավակատյաց պահոց օրեր, երբ կարելի է ուտել կաթնեղեն և ձկնեղեն։ Նավակատիքի օրեր են հինգ Տաղավարների շաբաթապահոց շաբաթ օրերը։

Նմանատիպ նյութեր