211652_close_icon
views-count4336 դիտում article-date 18:45 25-03-2017

Երևանի Մոսկովյան պուրակում տեղադրվեց Երվանդ Քոչարի կերտած «Ալեգորիա» արձանը

Նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի ստեղծագործություններից մեկը` «Բանվորը և կոլտնտեսականը» արձանը, որը վերանվանվել է «Ալեգորիա», մարտի 25-ին տեղադրվեց Երևանի Մոսկովյան պուրակում՝ ԿԸՀ շենքի հարևանությամբ: Արձանի հանդիսավոր բացումը կատարեցին քանդակագործի որդին՝ Ռուբեն Քոչարը և մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Վերաարժևորում ենք Քոչարի ստեղծագործություններից մեկը, որը, ցավոք սրտի, քաղաքի կառուցապատման հետևանքով հայտնվել էր մեզ համար ոչ տեսանելի վայրում: Ժամանակին այս արձանը տեղադրված էր Գրապալատի գրատան բակում, և 1970-ականներին, երբ կառուցվեց Կորյունի փողոցի վրա բարձրահարկ շենքը, արձանն ամբողջությամբ դարձավ անտեսանելի՝ փակվեց մեր հանրության համար»,- ասաց Մշակույթի նախարարը: Երվանդ Քոչարի որդին՝ Ռուբեն Քոչարը նույնպես անդրադարձավ արձանի պատմությանը: «Առաջ կանգնած էր. «Հայպետհրատ»-ը կար՝ դրա բակում, դե անցավ ժամանակ, և «Պետհրատ»-ն էլ մոռացվեց, այդ տարածքն էլ, արձանն էլ՝ հետը: Ուղղակի ես շատ ուրախ եմ, որ Քոչարը, տեսնում եք, որ էլի ապրում է, որովհետև ժամանակ առ ժամանակ իմաց է տալիս՝ իր գործերով, և ինքն էլ հենց դրա մասին էր խոսում: Իր ամբողջ հույսը ապագան էր, և նա միշտ էլ ասում էր՝ «ես ժամանակից չեմ վախենում, ժամանակը իմ ընկերն է, իմ օգնականն է», և նրա վրա էր իր հույսը»,- ասաց քանդակագործի որդին: Հիշեցնենք, որ Երվանդ Քոչարի՝ 1939-ին կերտած «Սասունցի Դավիթ» արձանի գիպսե տարբերակը խորհրդային ղեկավարների որոշմամբ 1941-ին փշուր-փշուր արվեց և ոչնչացվեց, իսկ Քոչարը 2 տարի 2 ամիս ազատազրվեց «Սասունցի Դավիթ» արձանի թուրը Թուրքիայի դեմ ուղղելու մեղադրանքով։ 1959-ին՝ Սառը պատերազմի առաջին տարիներին Քոչարին կրկին հնաձնարարվեց կերտել «Սասունցի Դավիթ» արձանը, որը տեղադրված է կայարանամերձ հրապարակում և երկար տարիներ Երևանի այցեքարտն էր:

Նմանատիպ նյութեր