211652_close_icon
views-count2736 դիտում article-date 10:56 25-03-2017

Ադրբեջանը փորձում է ազդել ԱՄՆ-ի քաղաքականության վրա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» օրաթերթը զրուցել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ. [b]ԱՀՀ–ի ղեկավարությունը նամակ է հղել ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին այն մասին, որ Ադրբեջանը փորձում է ֆինանսական և այլ միջոցներով ազդել ԱՄՆ–ի ժողովրդավարական ինստիտուտների և ընդհանրապես քաղաքականության վրա: Խնդրում եմ` մանրամասնել, ինչի մասին է խոսքը և ինչ փաստեր են բացահայտվել:[/b] Որևէ երկիր, որը փորձում է փողով կամ նվերներով ազդեցություն բանեցնել որևէ քաղաքական գործչի, հատկապես կոնգրեսականի կամ սենատորի վրա, կատարում է ոչ միայն սխալ, այլև անօրինական քայլ: Կոնգրեսում ու Սենատում գործում են էթիկայի հանձնաժողովներ, որոնք զբաղվում են նման հարցերով: Բացի այդ, օրենքի համաձայն` նվեր ստացված իրը չպետք է գերազանցի որոշակի «x» գումար: Եթե գերազանցեց այն, պետք է հետ վերադարձվի կամ ստացողը պետք է այդ մասին հայտնի համապատասխան ատյաններին, ինչին արդեն հետևում են օրենքով սահմանված կոնկրետ քայլեր: Ադրբեջանը սովորություն է դարձրել մարդկանց փողով կամ նվերներով «առնելը»: Աստիճանաբար տարբեր փաստեր են բացահայտվում: Օրինակ, անցած տարի մի խումբ կոնգրեսականներ, սենատորներ, նրանց աշխատակազմերից մարդիկ հրավիրվել են Ադրբեջան` մասնակցելու կոնկրետ միջոցառման, ապա ստացել են թանկարժեք նվերներ, որոնք գերազանցել են օրենքով սահմանված առավելագույնը: Երբ դա բացահայտվեց, Կոնգրեսը հետազոտություն անցկացրեց: Էթիկայի հանձնաժողովը նրանց ստիպեց վերադարձնել այդ նվերները: Սա շատ կարևոր փաստ է նաև այն առումով, հիմա այդ քաղաքական գործիչները հասկանում են, որ Ադրբեջանի պատճառով իրենց համբավը տուժում է: Վերջերս բացահայտվել է, որ Ադրբեջանի նախկին տրանսպորտի նախարար, միլիարդատեր Զիա Մամադովի որդին` Անար Մամադովը Վաշինգտոնում հիմնել է «Azerbaijan America Alliance» ընկերությունը, որի նպատակն է «աջակցել Ամերիկայի և Ադրբեջանի երկարատև գործընկերությանը»: Այդ նպատակով նա կազմակերպել է տարբեր ընթրիքներ, միջոցառումներ, և միայն 2011–15 թթ. ծախսել 12 մլն դոլար: Մեր նամակում մենք անդրադարձել ենք այս և այլ դեպքերի և փորձել ենք փաստել, որ նման միջոցներով Ադրբեջանը փորձում է ազդել ԱՄՆ-ի քաղաքականության վրա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր