211652_close_icon
views-count3935 դիտում article-date 10:32 25-03-2017

Խիստ կարևոր է, որ իրավապահները վճռականորեն կանխարգելեն զինված քաղաքական պայքարի բոլոր փորձերը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբ 2000-2004 թվականներին Սամվել Բաբայանը ազատազրկված էր ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով, ես «Առավոտ» թերթով կանոնավոր ձևով շնորհավորում էի նրա ծննդյան օրը (որը, ինչպես հայտնի է, նաև Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է), ինչպես նաև հույս էի հայտնում, որ նախագահ Ղուկասյանը նրան ներում կշնորհի, ինչը և, ի վերջո, տեղի ունեցավ: Գնահատում էի և շարունակում եմ գնահատել Բաբայանի ռազմական վաստակը, նաև կողմ եմ բոլոր դեպքերում մարդասիրական եւ ներողամիտ վերաբերմունքին: Հիմա նա դարձյալ ձերբակալված է, և ես նկատում եմ երկու ծայրահեղ մոտեցում: Մեկն ակնհայտորեն խախտում է անմեղության կանխավարկածը, իսկ մյուսը շտապում է նրան հայտարարել «քաղբանտարկյալ»: Պետության մեջ և պետության օրենքներով ապրելու մշակույթը մեզանում առայժմ զրոյական մակարդակի վրա է, և դա որոշակի թյուրիմացությունների պատճառ է դառնում: Հենց այդ մշակույթից ելնելով՝ հայտնեմ իմ նկատառումը, որն այս գործի հետ գուցե անմիջական կապ չունի, և որի հետ, բնականաբար, հայաստանցիների մեծ մասը համաձայն չէ: Ինձ համար սկզբունքային հարց չէ, թե որ կուսակցությունն է մեծամասնություն ստանալու Ազգային ժողովում և ինչ կոալիցիաներ են ձևավորոելու: Բայց ինձ համար խիստ կարևոր է, որ ԱԱԾ-ն և մնացած իրավապահները վճռականորեն կանխարգելեն զինված քաղաքական պայքարի բոլոր փորձերը, ինչը նրանք չեն կարողացել անել «Սասնա ծռերի» դեպքում: Եթե ինչ-որ տեղ ապօրինի զենք կա, այդ զենքը պետք է առգրավվի, եթե ինչ-որ տեղ խումբ կա, որը պատրաստվում է զենքով լուծել ներքաղաքական խնդիրները, այդ խմբի անդամները պետք է ձերբակալվեն: Թող հետո այդ ձերբակալվածներին անվանեն «քաղբանտարկյալներ», թող հետո «ռեյտինգներ» բարձրանան-իջնեն՝ նման խոսակցություններից վնասը շատ ավելի քիչ է, քան «Սասնա ծռերի» կրկնությունից: Նորմալ քաղաքացիները, որոնք, իմ տպավորությամբ, այս պահին Հայաստանում փոքրամասնություն են կազմում, պետք է պահանջեն իրավապահներից չկրկնել անցած տարվա հուլիսի սխալները, ոչ թե բողոքեն, թե ինչու են նրանք միջոցներ ձեռնարկում զինված ակցիաները կանխելու համար: Մնացած հարցերը՝ ՀՀԿ-ն է լինելու, թե ԲՀԿ-ն, կրկնեմ, երկրորդական են՝ ապրիլի 3-ին կյանքը շարունակվելու է: Գլխավոր խնդիրը մնալու է նույնը՝ կրթել, լուսավորել մեր հասարակությանը, դաստիարակել ազատ և օրինապաշտ քաղաքացիներին: Հավասարապես` ազատ և օրինապաշտ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր