211652_close_icon
views-count3330 դիտում article-date 14:17 24-03-2017

ԱՄՆ կոնգրեսականների արձագանքները՝ Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի Ձայն»-ը գրում է. ««Ես էմոցիոնալ առումով սպառված եմ: Վերջին տարիներին այսքան կլանված ոչ մի ֆիլմ չէի դիտել», - այսպես արձագանքեց կոնգրեսական Ջեքի Սփիըրը «Ամերիկայի Ձայն»-ին՝ Միացյալ Նահանգների Կապիտոլիումում The Promise` «Խոստումը» Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմը դիտելուց հետո: Կոնգրեսական Դեյվ Թրոթի խոսքով, նման բարձր որակի ֆիլմերի միջոցով պատմությունն ավելի լավ է հասնում մարդկանց. «Ֆիլմը մարդկանց համար տեղի ունեցածն ավելի նշանակալից է դարձնում»: «Խոստումը» էկրաններ կբարձրանա ապրիլի 21-ին: Այն գեղեցիկ սիրո պատմություն է, որը զարգանում է Հայոց ցեղասպանության ընթացքում: Սարսափելի իրականությունը կոտրում է մարդկային ճակատագրեր, սակայն անզոր է կոտրել ազգի ոգին: «Մենք անզոր ենք փոխել անցյալը, սակայն արվեստն օգնում է մեզ հիշել այն: Դա հատկապես կարևոր է, երբ Հայոց ցեղասպանությունը նույնիսկ հարցականի տակ է դրվում», - ասում է կոնգրեսական Ջուդի Չուն, ում համոզմամբ, ֆիլմի կրթական ու պատմական արժեքը հսկայական է: Նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբում զգալի դերակատարություն ունեցած քաղաքական ստրատեգ Քիթ Նահիգյանի մոտ «Խոստումը» ֆիլմը անցյալի հիշողություններ է արթնացրել. «Իմ պապը Ցեղասպանության տարիներին տեղափոխվել էր Հայաստանից: Նա շատ փոքր էր և նրա կյանքը հնարավոր է եղել փրկել՝ աղջկա շոր հագցնելով և թաքցնելով կանանց միջև, իսկ ահա նրա հորը, ով մաթեմատիկոս էր, սպանել էին»: Կապիտոլիումում «Խոստումը» դիտելուց հետո ֆիլմի անվանի ռեժիսոր Թերի Ջորին և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանին հանդիսատեսը հոտնկայս ծափահարությունների արժանացրեց: «Այս ֆիլմը նկարահանելու հնարավորությունն ինձ համար իրական նվեր էր», - նշեց ֆիլմի ռեժիսորը: Ֆիլմն ամբողջությամբ մի նվեր է՝ հայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի վերջին նվերը հայ ժողովրդին և մարդկությանը: Միջոցառմանը ներկա ԱՄՆ-ի օրենսդիրները կրկին անգամ ընդգծեցին, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է. «Հասարակությունը, լրատվամիջոցները և պատմաբանները շատ ավելի առաջ են անցել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, քան Կոնգրեսը»,- նշեց վերջում կոնգրեսական Ֆրանք Փալոնը»: Մանրամասն՝ [url=http://www.amerikayidzayn.com/a/3779362.html]սկզնբաղբյուր կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր