211652_close_icon
views-count1674 դիտում article-date 18:59 23-03-2017

Երևանում կառուցվելու է 250 մեգավատ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ կառավարության, «Արմփաուեր» ՓԲԸ-ի և «ՌԵՆԿՈ» Ս.պ.Ա-ի միջև կնքվող` «Հայաստանի Հանրապետությունում, Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ շրջանակային համաձայնագրին»: Ինչպես նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, այլընտրանքային էներգետիկայի զարգացումն ակնհայտորեն կբերի ռեակտիվ էներգիայի պակասուրդի, ինչն այսօր գործող ավանդական կայանները՝ Ատոմակայանը և մյուս ջերմային կայանները, չեն կարող ծածկել: Այս նպատակով բացառիկ կարևորություն է ստանում այս նախագիծը, որովհետև շոգեգազային ցիկլով Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկն ուղղված է հենց այս պակասուրդի ծածկմանը: Նախարարը պարզաբանել է, որ նոր կայանը կլուծի մեկ ալ կարևոր խնդիր: «Գիտեք, որ 2019թ.-ին կավարտենք Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցումը և գրեթե նույն ժամանակահատվածում պլանավորում ենք Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցումը, ինչը կբերի Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման հզորությունների բազմապատկմանը, և մեր արտահանման հնարավորությունը կհասնի 1550 մեգավատտի: Գործող արտադրական հզորությունները բավարար չեն արտահանումն այս ծավալներով բավարարելու համար: Պետք է ասել նաև, որ այլընտրանքային էներգետիկ աղբյուրները, հատկապես ձմռանը, ի զորու չեն լինի ապահովել նման ծավալներ: Սա երկրորդ կարևորագույն պատճառն է, որով մենք այս նախագիծը կարևորում ենք»,- ընդգծել է Աշոտ Մանուկյանը: Նշվել է նաև, որ նախագծով նախատեսվում է կատարել 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, շինարարությունը կտևի 26 ամիս, կստեծվի 900 աշխատատեղ, իսկ շահագործման ամբողջ ընթացքում ևս 200 աշխատատեղ՝ բարձր աշխատավարձով:

Նմանատիպ նյութեր