211652_close_icon
views-count15863 դիտում article-date 23:12 23-03-2017

Ապրիլ ամսվանից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ավիափոխադրող «Տարոն-Ավիա»-ն թռիչքներ կիրականացնի

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հերթական քայլն է կատարում՝ միտված հյուսիսային օդանավակայանի ակտիվացման ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Տարոն-Ավիա» ավիաընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2017 թվականի ապրիլ ամսվանից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորվելու, կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքներ է սկսելու իրականացնել հայկական երկրորդ հավաստագրված ավիափոխադրողը՝ «Տարոն-Ավիա»-ն: Ավիաընկերության թռիչքների մեկնարկը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և տարածաշրջանում տնտեսության զարգամցանն ու զբոսաշրջության ակտիվացմանը: Հիշեցնենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանի զարգացման նպատակով, ՀՀ կառավարությունը ձեռնարկել էր մի շարք քայլեր, մասնավորապես, 2014 թվականի դեկտեմբերի 31-ից մեկնող ուղևորներից ելքի 10.000 դրամ տուրքը չի գանձվում, 2017 թ. հունվարի 1-ից Աէրոնավիգացիոն սպասարկման սակագինը նվազեցվել է 50%-ով, իսկ օդերևութաբանական սպասարկումն իրականացվում է անվճար: Հավելենք նաև, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն 2017 թվականին նախատեսում է իրականացնել շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ «Շիրակ» օդանավակայանի շենքային պայմանների ու ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման նպատակով:

Նմանատիպ նյութեր