211652_close_icon
views-count1272 դիտում article-date 20:00 23-03-2017

ՀՀ սփյուռքի, Մշակույթի և Առողջապահության նախարարները համատեղ հրամաններ են ստորագրել

Մարտի 23-ին Սփյուռքի նախարարությունում ՀՀ սփյուռքի, ՀՀ մշակույթի և ՀՀ առողջապահության նախարարները ստորագրեցին համատեղ հրամաններ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ստորագրեցին համատեղ հրաման՝ Հայաստան-Սփյուռք գործակցության, առողջապահության բնագավառում Սփյուռքի հետ համակողմանի կապերի զարգացման, Սփյուռքում հայապահպանության օժանդակման, Հայաստանում և Սփյուռքում միջոցառումները համատեղ ու արդյունավետ իրականացնելու վերաբերյալ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ստորագրեցին համատեղ հրաման՝ Հայաստան-Սփյուռք գործակցության, մշակութային համագործակցության զարգացման, սփյուռքում հայկական մշակույթի տարածման և հայակական արժեքների քարոզման, հայապահպանության օժանդակման և հայրենասիրության սերմանման, ինչպես նաև Հայաստանում և Սփյուռքում մշակութային ոլորտում միջոցառումները համատեղ ու արդյունավետ իրականացնելու վերաբերյալ: Ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը համակարգելու նպատակով գործելու են համակարգող հանձնաժողովներ: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Հայաստանի Վարչապետ Կարեն Կարապետյանը բազմիցս նշել է, որ Սփյուռքի անմիջական մասնակցությամբ Հայաստանը հնարավորություն կունենա արագ արդյունքներ արձանագրելու առանցքային ոլորտներում և տարածաշրջանում ունենալու տնտեսական, առողջապահական, կրթական, մշակութային առաջատար համակարգեր: Այսպիսի համատեղ հրամանների ստորագրումով մենք պիտի փորձենք գտնել նոր կառուցակարգեր և ճանապարհներ Հայաստան- Սփյուռք գործակցության զարգացման, Սփյուռքի ներուժը Հայաստանում օգտագործելու և Սփյուռքում հայապահպանությունն իրականացնելու ուղղությամբ»: Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Մշակույթի և Առողջապահության նախարարներին՝ համագործակցելու պատրաստակամության համար: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ևս շնորհակալություն հայտնեց նախարար Հրանուշ Հակոբյանին նման նախաձեռնության համար՝ նշելով. «Այս հրամանները ենթադրում են հստակ գործողությունների ծրագրեր, և մի քանի ամիս անց մենք արդեն կխոսենք արդյունքների մասին»: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կարևորեց Հայաստանի անկախության տարիներին Սփյուռքի հայ մասնագետների, բժիշկների դերը՝ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում: «Մենք պետք է անենք հնարավոր ամեն բան՝ հայ բժիշկների և բուժակների համար նորանոր աշխատատեղեր ստեղծելու համար», - հավելեց նա:

Նմանատիպ նյութեր