211652_close_icon
views-count2494 դիտում article-date 12:43 23-03-2017

Համատիրությունները կոլեկտիվ մարմիններն են, որտեղ ոչ մի պատասխանատվություն չկա. Կարեն Կարապետյան

Մարզային այցերի ժամանակ շենքային պայմանների վերաբերյալ հարցեր են բարձրացվում. այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Հանրապետության շենքերի 67 տոկոսի գույքի կառավարումը տնօրինվում է համատիրությունների կողմից, իսկ 33 տոկոսը վերապահված են համայնքի ղեկավարներին: «Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրներ բազմաբնակարանային բնակարանային ֆոնդի վերաբերյալ: Հիմնական խնդիրը համապատասխան շենքերի, համատիրությունների ոչ արդյունավետ կառավարման, կամ ընդհանրապես դրա բացակայության մեջ է: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է ինչպես գործնականում առկա ոչ արդյունավետ կառավարմամբ, այնպես էլ օրենսդրական թերի կարգավորումներով»,- ասաց վարչապետը: Վարչապետը Երևանի քաղաքապետին, ՀՀ մարզպետներին հանձնարարեց համայնքների ղեկավարների հետ համատեղ երկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել բազմաբնակարանային շենքերի թվի, դրանց կառավարման ձևի, համատիրությունների, ինչպես նաև ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի վերաբերյալ ամփոփ տեղեկագրեր: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին էլ հանձնարարվեց մեկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել բազմաբնակարանային շենքերի կառավարման վերաբերյալ առաջարկություններ: «Համատիրությունները կոլեկտիվ մարմիններն են, որտեղ ոչ մի պատասխանատվություն չկա, հետևաբար որակ չկա: Այդ իսկ պատճառով մենք պետք է կառավարիչների ինստիտուտը ստեղծենք, մեծացնեք շատ համարձակ»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր