211652_close_icon
views-count3082 դիտում article-date 10:32 23-03-2017

Անիմաստ են բողոքները, թե քաղաքական գործիչները օգտագործում են մարդու մահը քարոզչության մեջ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Որևէ խնդիր չքաղաքականացնելու հորդորները, իմ կարծիքով, անիմաստ են: Այն, ինչ ես հիմա գրում եմ, քաղաքական է: Եթե ես գրեի որևէ ֆիլմի կամ ցուցահանդեսի մասին, դա նույնպես քաղաքական կլիներ: Երբ «Սանիտեկի» աշխատակիցը փողոց է ավլում, դա նույնպես քաղաքականություն է: Երբ որևէ «բոմժ» ապաստան է գտնում «Բարեկամության» հրապարակի էստակադայի տակ, դա դարձյալ քաղաքականություն է: Առավել ևս՝ Արթուր Սարգսյանի մահը կապված է քաղաքականության՝ մեր դատական, իրավապահ, պատժիչ համակարգերի հետ: Մենք Հաց բերողի մասին ենք շատ խոսում, բայց մենք գիտե՞նք՝ քանի հիվանդ մարդ է հիմա գտնվում ազատազրկման վայրերում, և քանիսն են մահանում անմարդկային վերաբերմունքի և պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու պատճառով: Խնդիրը, իհարկե, քաղաքական է: Պարզ է, որ այդ խնդիրն ընդդիմադիր քաղաքական ուժերն օգտագործում են իրենց նախընտրական քարոզչության մեջ: Բայց այստեղ որևէ զարմանալու, տարակուսելու կամ բարոյական խրատներ տալու պատճառ չկա: Իսկ Հիլարի Քլինթոնի դեմ չէի՞ն օգտագործում, որ նա անձնական հասցեից էր պաշտոնական մեյլեր ուղարկում: Ֆրանսուա Ֆիյոնի դեմ չի՞ օգտագործվում այն, որ նա ժամանակին, պատգամավոր լինելով, աշխատանքի էր ընդունել սեփական կնոջը: Ամեն մի քաղաքական ուժ օգտագործում է այն, ինչ իր ձեռքի տակ է ընկնում: Արթուր Սարգսյանի մահը ընդդիմության համար այս պահին լավ խաղաքարտ է: Թե որքան տաղանդավոր են մեր ընդդիմադիրներն այդ խաղաքարտն օգտագործում՝ այլ հարց է: Թիրախները, կարծես թե, ճիշտ են ընտրված: Ուղղել քննադատութունը ՀՀԿ ցուցակի առաջին համարի դեմ (պաշտպանության նախարար), որը հրաժարվել էր Արթուրին հուղարկավորել Եռաբլուրում, և երրորդ համարի դեմ (արդարադատության նախարար), որը, քարոզիչների պնդմամբ, պետք է խոչընդոտեր քննիչի և դատավորի իսկապես ապօրինի և անմարդկային որոշմանը՝ Արթուրին երկրորդ անգամ կալանավորելու մասին: (Թե որքանով էին քննիչն ու դատավորը օրենքով «ենթարկվում» արդարադատության նախարարին` տվյալ դեպքում կարևոր չէ): Արդյոք աշխատե՞ց քարոզչական այդ մեխանիզմը: Ֆեյսբուքի որոշակի սեգմենտի համար, անշուշտ, այո: Ազդե՞ց ընտրողների ընդհանուր տրամադրությունների վրա՝ չգիտեմ: Որքան անիմաստ են Հաց բերողի մահվան հետ կապված լալահառաչ քնարական զեղումները, նույնքան անիմաստ են նաև բողոքները, թե ինչ վատ մարդիկ են քաղաքական գործիչները, որ օգտագործում են մարդու մահն իրենց քարոզչության մեջ»: [b]Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր