211652_close_icon
views-count3396 դիտում article-date 15:55 22-03-2017

Բերձորում հիմնվեց Լեոնիդ Ազգալդյանի անվան պուրակ

Համալսարանականները Բերձորում Լեոնիդ Ազգալդյանի անվան պուրակ հիմնեցին: ԵՊՀ ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների՝ մարտի 19-ից մեկնարկած եռօրյա այցն Արցախ այս անգամ նվիրված էր Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակին: Առաջին օրը համալսարանականները եղան Դադիվանք և Գանձասար վանական համալիրներում, ծանոթացան վանքերի պատմությանը, ճանաչողական այց կատարեցին Ստեփանակերտի և Շուշիի պատմամշակութային վայրեր: Հաջորդ օրը ուսանողներն ուղևորվեցին արցախյան մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը, որտեղ Լեոնիդ Ազգալդյանն ավարտել է իր մարտական ուղին: Հենց այնտեղ էլ տեղի ունեցավ համերգային ծրագիրը. հայրենասիրական երգ ու պարով, Լեոնիդ Ազգալդյանի մասին պատմություններով համալսարանականները ոգեկոչեցին հերոսի հիշատակը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, անդրադառնալով Լեոնիդ Ազգալդյանի գործունեությանը, փաստեց. «Լեոնիդ Ազգալդյանն առաջինն էր, որ սկսեց խոսել կանոնավոր բանակի մասին: Այն ժամանակ շատերը չէին հասկանում, որովհետև Լեոնիդը բնավորությամբ կտրուկ էր, խիստ, բայց մեծագույն համոզվածություն ուներ, որ ֆիդայական շարժումով ազատագրական պայքարը լուծել չի լինի. ազգային բանակ է պետք: Նա այսօր համալսարանի, մեր ժողովրդի հպարտությունն է, և մենք գլուխ ենք խոնարհում Լեոնիդի հիշատակի առաջ՝ որպես Հայաստանի Երրորդ Հանրապետության բանակաշինության սկզբնավորողի»: Զինվորներին ողջունեցին նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Վերադարձի ճանապարհին համալսարանականները եղան նաև Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարի մոտ: Գագիկ Գինոսյանը, ով նույնպես Ազգալդյանի ջոկատից է եղել, պատմեց կարևորագույն դրվագներ իրենց մարտական ուղուց: Արցախ կատարած այցի երրորդ օրը համալսարանականները Բերձորում հիմնեցին Լեոնիդ Ազգալդյանի անվան պուրակ: ԵՊՀ ռեկտորատի, ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի, Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի, ավագների խորհրդի, ԵՊՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ անցկացվող ծրագիրն ունի 10 տարվա պատմություն, և ամեն այցելությանն ընդգրկվում են նոր ուսանողներ: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն այս առիթով նշեց. «Մենք ավելի ուշ ենք միացել այս ծրագրին, ու քանի որ պետհամալսարանը կարևորում էր այս ծրագիրը, հետևաբար այն կարևոր դարձավ նաև հիմնադրամի համար: 2011-ից սկսած հիմնադրամն Արցախի համար առանձին ծրագրերի շարք ունի, որի բաղկացուցիչն են նաև պետհամալսարանի կողմից իրականացվող ծրագրերը: Մեր համագործակցությունը ԵՊՀ-ի հետ այս առումով բավականին արդյունավետ է, և բոլոր այն ծրագրերի առումով, որոնք կարողանում ենք համատեղ իրականացնել: Եթե կա նման անհրաժեշտություն և պետհամալսարանը ԼՂՀ-ի համար ծրագրով է դիմում հիմնադրամին, ապա մեզ մնում է միայն բավարարել պահանջները: Մենք շատ ծրագրեր ունենք Արցախում, և դրանց մեծ մասն իրականացվում է բուհերի կողմից: Ուրախ ենք, որ ուսանողական կառույցները կարողանում են իրենց գումարների մեծամասնությունը ծախսել ԼՂՀ-ի ծրագրերի համար»: ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի փոխանցմամբ՝ ծրագիրը յուրաքանչյուր անգամ նվիրված է լինում որևէ հերոսի՝ այս անգամ Լեոնիդ Ազգալդյանի 75-ամյակին: Խորհրդանշական է այն, որ ամեն այցելության ընթացքում համալսարանականները հիմնում են պուրակներ Բերձորում, Մարտակերտում, Շուշիում՝ դպրոցների հարակից տարածքներում: Յուրաքանչյուր ուսանող իր ծառն է տնկում պուրակում, որով խորհրդանշում է իր կապն ազատագրված տարածքների և Արցախի հողերի հետ: Նշենք, որ Արցախ կատարած այցի ընթացքում ԵՊՀ պատվիրակությունը հանդիպել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Արցախի պետական համալսարանի միջև համագործակցության հուշագիր է կնքվել: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր