211652_close_icon
views-count5265 դիտում article-date 16:59 22-03-2017

«Գյոթեն բուռն համակրանք է տածել մի երիտասարդ օրիորդի նկատմամբ և այժմ պայքարում է այդ զգացմունքների դեմ»․ Էքերման

Գյոթեի սիրային պոեզիայի բարձրակետը պետք է համարել «Էլեգիա» բանաստեղծությունը, որ 74-ամյա ծերունազարդ Գյոթեի սիրատոչոր խոստովանանքն է, 19-ամյա Ուլրիկե ֆոն Լևեցովի հանդեպ տածած բուռն զգացմունքի բանաստեղծական պոռթկումը։ 17-ամյա Ուլրիկե ֆոն Լևեցովի հետ 72-ամյա Գյոթեն առաջին անգամ ծանոթացավ 1821-ի ամռանը Բոհեմիայի (Չեխիա) հանքային ջրերում, որտեղ դեռատի աղջիկը հանգստանում էր մոր հետ։ Բանաստեղծի հանդիպումները կրկնվեցին 1822-ի հուլիսին նույն ամառանոցում։ Այդ հանդիպումների արձագանքն է («Էոլյան տավիղ») բանաստեղծությունը, որ ըստ բանաստեղծի օրագրի՝ գրվել է 24.7.1822 թ. Էգեր մեկնելու ճանապարհին՝ իբրև «Սիրային-թախծալի զուգերգ անմիջապես բաժանվելուց հետո»։ Խոսքը Ուլրիկեից բաժանվելու մասին է։ Երրորդ անգամ 74-ամյա բանաստեղծը հանդիպեց 19-ամյա Ուլրիկեին 1823-ի օգոստոսին Կարլսբադի (Մարիենբադ) ամառանոցում, որտեղ և նրա արտասովոր սերը հասավ իր ապոթեոզին և նույնքան էլ հոգեցունց հանգուցալուծում ունեցավ։ Ֆրիդրիխ Սորեն, որ 1822 թվին Ժնևից հրավիրվել էր Վայմար՝ իբրև թագավորի որդու դաստիարակ և հաճախ այցելում է Գյոթեին, 1823 թվի նոյեմբերի 17-ին գրառման մեջ նշում է. «Այսօր ես մի քանի րոպեով եղա Գյոթեի մոտ, և ինձ թվաց, որ Հումբոլդտի ներկայությունն ու զրույցները բարերար ներգործություն են ունեցել նրա վրա։ Նրա տանջանքները, ըստ երևույթին, միայն ֆիզիկական բնույթի չեն։ Ավելի շուտ, նրա այժմյան տանջանքների պատճառն այն է, որ նա այս ամառ Մարիենբադում բուռն համակրանք է տածել մի երիտասարդ օրիորդի նկատմամբ և այժմ պայքարում է այդ զգացմունքների դեմ» (Էքերման, Զրույցներ Գյոթեի հետ, Երևան, 1975, էջ 590)։ Դեռևս մինչև «Էլեգիա»-ն բանաստեղծն Ուլրիկեին նվիրել էր մի քանի փոքրիկ ոտանավոր (գերմանացի հետազոտողներից ոմանք կարծում են, թե ոտանավորն արտահայտում է Գյոթեի հիասթափությունը, ուրեմն և գրված է «Էլեգիա»-ից ավելի ուշ, մինչդեռ մեր կարծիքով՝ ոտանավորն իր ողջ պարզությամբ թեթև առիթով գրված չափածո ընծայական է և չի պարունակում որևէ ողբերգական շեշտ), որի մեջ նա, օդերևութաբանական անպաճույճ բացատրությամբ, եղանակի փոփոխության «ծանրաչափը» շեղում է դեպի սիրո խոստովանություն՝ ակնարկելով մատաղահաս աղջկան իրեն համակած խինդն ու թախիծը։

Նմանատիպ նյութեր