211652_close_icon
views-count3439 դիտում article-date 20:12 20-03-2017

Տրանսպորտի նախարարին է ներկայացվել «Օպտիմ» ընկերության մշակած տրանսպորտային համակարգի զարգացման տեսլականը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 20-ին այցելեց «Օպտիմ» ընկերության Հայաստանի գրասենյակ։ Ընկերության տնօրեն Արթուր Ղուլյանը, նախարարին ներկայացնելով վերջին ձեռքբերումները, նոր ծրագրերն ու նախագծերը, նշեց, որ բացի այդ, պլանավորում են Երևանում հիմնել գիտահետազոտական կենտրոն, որտեղ ստեղծված լուծումներն առաջարկվելու են տարածաշրջանում գործող ընկերություններին: Այցի ընթացքում նախարարին ներկայացվեց նաև ընկերության մշակած տրանսպորտային համակարգի զարգացման տեսլականը, մասնավորապես, ավտոբուսային և միկրոավտոբուսային տրանսպորտի կառավարման բնագավառում։ Դիտարկելով Հայաստանի տրանսպորտային համակարգում այն կիրառելու հնարավորությունը՝ նախարարն առաջարկեց ներկայացված ծրագրի շուրջ առաջիկայում քննարկումներ կազմակերպել և կոնկրետ խնդիրների վերլուծությունից հետո որոշել հետագա համագործակցության հնարավորությունները։ «Օպտիմ» ընկերությունը հիմնվել է 2000 թվականին ԱՄՆ Ֆլորիդա նահանգում և մասնագիտացած է տրանսպորտային արդյունաբերության համար որոշումների ավտոմատացման և օպտիմալացման լուծումներ ստեղծելու գործում: Հայաստանում ընկերությունն իր գործունեությունը սկսել է դեռ 2007 թվականից: Այժմ ընկերության երևանյան գրասենյակն ունի 65 աշխատակից։ Առաջիկա մեկ տարում նախատեսվում է 100 աշխատող ունենալ։ Ընկերության թիմը համալրելու նպատակով կանցկացվեն կրթական ծրագրեր։ «Օպտիմ»-ը լոգիստիկ ընկերությունների համար մշակում է խելամիտ լուծումներ` կրճատելու դրանց գործառնական ծախսերը, ավելացնելու շահութաբերությունն ու բարելավելու ծառայությունների որակը։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր