211652_close_icon
views-count3112 դիտում article-date 16:29 20-03-2017

Նոր կանոններ ըմբշամարտում

Ըմբշամարտի կանոնները հերթական անգամ կենթարկվեն փոփոխության: Ինչպես հայտնում է ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW), յուրաքանչյուր ոճում քաշային կարգերն 8-ի փոխարեն կլինեն 10-ը: Յուրաքանչյուր քաշային կարգում մրցումները կանցկացվեն երկու օր: Քաշային կարգերի փոփոխությունը հաստատման կներկայացվի այս տարի, Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ` UWW-ի համաժողովում: Հաստատվելու դեպքում մեծահասակների, Մ 23 տարեկանների ու երիտասարդների նոր քաշային կարգերն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ից: Երկօրյա մրցութային ձեւաչափը կկիրառվի պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների ժամանակ, որոնք տեղի կունենան, համապատասխանաբար, հուլիսին՝ Սարաեւոյում եւ սեպտեմբերին՝ Աթենքում: Եթե այս նորամուծությունը վերջնականապես հաստատվի` այն եւս ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից: Այս ձեւաչափի դեպքում ըմբիշները կկշռվեն մրցութային յուրաքանչյուր առավոտ` երկրորդ օրվա համար 2 կգ փոփոխության թույլտվությամբ: Աշխարհի առաջնության մրցաշարային ցանկում, առաջատարների ավելի արդարացի բաշխման նպատակով, UWW-ի բյուրոյի անդամները քվեարկել են ըմբիշների ամենամյա վարկանիշային աղյուսակ ստեղծելու համար: Այս տարվա` Փարիզի աշխարհի առաջնությունում վարկանիշը կորոշվի Ռիո-2016-ի եւ 2017 թ-ի մայրցամաքային առաջնությունների արդյունքներով: Ակնկալվում է, որ հաջորդ մրցաշրջանից սկսած, վարկանիշային աղյուսակը որոշելիս հաշվի կառնվեն նաեւ մի քանի այլ մրցաշարերի արդյունքներ: «Այս բարեփոխումները մեծ առավելություն կտան մեր մարզաձեւին: Այն ավելի դիտարժան կդառնա հանդիսատեսի եւ ըմբիշների համար»,- նշել է UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը: Հ.Գ. Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրին, որ ըմբշամարտի նոր կանոնների վերջնական տարբերակը UWW-ն ազգային ֆեդերացիաներին կտրամադրի ապրիլի սկզբներին:

Նմանատիպ նյութեր