211652_close_icon
views-count1857 դիտում article-date 13:07 20-03-2017

Դեսպան Արա Այվազյանն իր հավատարամագրերն է հանձնել Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահին

Մարտի 17-ին Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերը հանձնեց Կուբայի Հանրապետության Պետական խորհրդի փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսային: Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ժամանակ, որին մասնակցում էր Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիյան, Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահ Վալդես Մեսան, շնորհավորելով դեսպան Այվազյանին, հույս հայտնեց, որ երկկողմ հարաբերություններն առաջիկա տարիներին կստանան նոր բովանդակություն՝ ի շահ հայ և կուբացի բարեկամ ժողովուրդների: Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ պայմանավորվածություն ձեռք բերելով խորացնել քաղաքական երկխոսությունը, համագործակցությունն առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային բնագավառներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահը և Հայաստանի դեսպանը մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ: Փոխնախագահ Վալդես Մեսան այդ կապակցությամբ վերահաստատեց Կուբայի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Պաշտոնական արարողությունից հետո դեսպան Այվազյանը հարգանքի տուրք մատուցեց և ծաղկեպսակ զետեղեց Կուբայի Ազգային հերոս Խոսե Մարտիի հուշարձանին: Կուբայում գտնվելու ընթացքում դեսպան Այվազյանը հանդիպումներ ունեցավ նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ տիկին Անա Տերեսիտա Գոնսալես Ֆրագայի, արտաքին գերատեսչության, բարձրագույն կրթության, մշակույթի և առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների հետ՝ ձեռք բերելով ոլորտային համագործակցության խորացմանն ուղղված մի շարք պայմանավորվածություններ:

Նմանատիպ նյութեր