211652_close_icon
views-count4048 դիտում article-date 19:38 18-03-2017

Հայկական գյուտերի ու նորարարությունների մասին դասախոսությամբ մեկնարկեց ԵՊՀ ձեռներեցության կենտրոնի հերթական խոշոր ծրագիրը

«Ուսանողների ձեռներեցական հմտությունների զարգացումը ստարտափ նախաձեռնությունների համատեքստում» խորագրով մեկամսյա ծրագիրն ուսանողներին փոխանցելու է բիզնես գաղափար ձևավորելու, նորարարական տեխնոլոգիաներ մշակելու, կենսունակ բիզնես մոդելներ կազմելու և այլ հմտություններ: Դասընթացի հայտարարությանն արձագանքել են բավականին մեծ թվով ուսանողներ, որոնցից 100-ը մասնակցության իրավունք են ստացել: Ինչպես նշեց կենտրոնի ծրագրերի համակարգող Ռոզա Ալավերդյանը, ծրագրին դիմած ուսանողերից ոմանք նույնիսկ արդեն բիզնես գաղափարներ ունեն և եկել են դրանք իրագործելու հմտություններ ստանալու: «Դասընթացների ընթացքում փորձելու ենք հասկանալ՝ ինչպես գաղափարից ստանալ պրոդուկտ, առանձին քննարկվելու են ձեռներեցության, ձեռնարկատիրության, կազմակերպությունների ֆինանսավորման հարցերը և այլն: Դասընթացներն անցկացնելու են Հայաստանի լավագույն մասնագետները, ովքեր ներկայացնում են ինչպես ԵՊՀ-ն, այնպես էլ այլ կազմակերպություններ»,- ասում է Ռոզա Ալավերդյանը: «ISTC» ինովացիոն լուծումների և տեխնոլոգաների կենտրոնում անցկացված առաջին դասախոսությունը վարում էր ԵՊՀ և Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Մարի Պողոսյանը: ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի ստեղծումից հետո սա առաջին մասշտաբային ուսուցողական դասընթացն է: Դասընթացներն անցկացվելու են շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին: «Առաջնային ենք համարում համալսարանում ուսանողների համար համապատասխան նորարարական միջավայր ստեղծելու խնդիրը, որի արդյունքում կզարգանան տարբեր նախաձեռնություններ: Հետագայում, երբ լինեն ավելի առարկայական ուսանողական ստարտափ գաղափարներ, մեր կենտրոնը կաջակցի դրանց առաջընթացը ապահովելու հարցով և կարող է կամուրջ հանդիսանալ ձեր և երկրում ստարտափ նախաձեռնությունների աջակցող տարբեր կառույցների միջև»,- դիմելով մասնակից ուսանողներին՝ նշեց Ձեռներեցության զարգացման կենտրոնի աշխատանքները համակարգող, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: ԵՊՀ պրոռեկտորը շնորհակալություն հայտնեց նաև «ISTC» ինովացիոն լուծումների և տեխնոլոգաների կենտրոնին այս դասընթացի կազմակերպման աշխատանքներին աջակցելու համար: Նշենք, որ ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի աշխատանքները մեկնարկել են 2016 թվականին մայիսից, և այն արդեն իսկ հասցրել է հանդես գալ տարբեր հետաքրքիր նախաձեռնություններով: Կենտրոնի գործունեությանը անցած մեկ տարվա ընթացքում մեծապես աջակցել է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» (CRRC) հիմնադրամը:

Նմանատիպ նյութեր