211652_close_icon
views-count15712 դիտում article-date 15:54 18-03-2017

Սամվել Սանամյան. «Մենք գլոբալ փոփոխությունների կողմնակից ենք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կոտայքի մարզում շարունակվում են ՀՀԿ-ից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանի ամենօրյա հանդիպումներն ընտրողների հետ։ Մարտի 17-ին թեկնածուն հանդիպում է ունեցել Քաղսի համայնքում և Հրազդանի Միկրոշրջան թաղամասում։ Քաղսիում համայնքի բնակիչ Զեմֆիրա Ենոքյանը, իր խոսքում հակադարձելով այսօր խոստումներ տվող ընդդիմադիր ուժերին, հիշեցնում է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ նրանք գտնվում էին ամենաբարձր պաշտոններում՝ նախարարական աթոռներին, տարբեր պատասխանատու դիրքերում, ինչո՞ւ չօգտագործեցին իրենց ներուժը՝ եղած խնդիրները լուծելու կամ գոնե թեթևացնելու համար։ Եվ այսօր ինչպե՞ս հավատան բազմաթիվ խոստումներին։ «Առաջընթացը թեկուզ դանդաղ, բայց երևում է մեր գյուղի օրինակով։ Արդեն 6 տարի գյուղում գործում է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մանկապարտեզ։ Խորհրդային տարիներից գյուղը խմելու ջրի խնդիր է ունեցել։ Քաղսեցիների համար ջուրը երազանքի նման մի բան էր։ Այսօր այն իրականություն է։ Ունենք բուժտեխնիկայով հագեցած բուժական ամբուլատորիա, հանգստի և ժամանցի սրահ, ընթացքի մեջ է գյուղի երկու հատվածները միացնող ճանապարհի, ինչպես նաև Հրազդան գետի վրա կառուցվող կամրջի շինարարությունը։ Լուծված է գյուղի գիշերային լուսավորության հարցը, մասնակիորեն վերանորոգված են համայնքի երկու եկեղեցիները։ Մենք պետք է իրատեսորեն գնահատենք կատարված աշխատանքները»,- ասել է տիկին Ենոքյանը՝ ավելացնելով, որ իրենք ձայնը տալու են Հանրապետական կուսակցությանը և նրա առաջադրած թեկնածու Սամվել Սանամյանին։ Հրազդանի Միկրոշրջան թաղամասում քաղաքի մտավորականության ներկայացուցիչ Անգին Ազարյանը նշել է, որ յուրաքանչյուրիս պարտքն է իր քաղաքացիական դիրքորոշումը դրսևորել առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Նա նկատել է, որ ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Սանամյանը, երկար տարիներ ապրելով Հրազդանում և աշխատելով Հրազդանի տարբեր գերատեսչություններում ու կոլեկտիվներում, շատ լավ ճանաչում է քաղաքը, գիտի նրա առջև ծառացած խնդիրները։ «Համոզված եմ, որ ընտրվելու դեպքում նա իր անձնական ներդրումն ու ջանքերն է ունենալու, որպեսզի հրազդանցիների կյանքն ավելի լավը դառնա»,- ասել է տիկին Ազարյանը։ Պատգամավորի թեկնածու Սամվել Սանամյանն ընտրողներին վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում 5 տարիների ընթացքում այս տարածաշրջանն առաջընթաց ունենալու է։ Գործող կառավարությունը հանդես է գալիս նոր ծրագրերով, որոնք գլոբալ փոփոխություններ են ենթադրում, և իրենք գլոբալ փոփոխությունների կողմնակից են։ Սամվել Սանամյանը նաև ընդգծել է, որ պատգամավորը 5 տարիների ընթացքում չպետք է կտրվի ընտրողից. սերտորեն պետք է աշխատի ինչպես ժողովրդի, այնպես էլ գործադիր իշխանության հետ։ Ինչպես Հրազդանում, այնպես էլ Քաղսիում ԱԺ պատգամավորի թեկնածուին ուղղվել են բազմաթիվ հարցեր, արվել առաջարկներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր