211652_close_icon
views-count5586 դիտում article-date 10:56 18-03-2017

«Նախընտրական միջադեպերի» մասնակիցները կարող են «տաքանալ», իսկ մի քանի օրից` «սառել». «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Արթուր Սարգսյանի մասին որոշել եմ առայժմ չգրել և ասպարեզը թողնել կուսակցական քարոզիչներին և ֆեյսբուքյան ոչ ադեկվատ «ստատուսագիրներին»: Ընտրություններից հետո կանդրադառնամ Հաց բերողին և այն խնդրին, թե ինչի համար է նա գնացել ինքնազոհության: Կողմ եմ, բնականաբար, որ մեր իրավապահ և պատժիչ համարգում աշխատող սադիստները կանգնեն դատարանի առջև: Ուզում եմ խոսել մեկ այլ «նախընտրական» թեմայի մասին, որն իրականում «հավերժ» է` այսպես կոչված, միջադեպերին: Դրանց սխեման հետևյալն է. սկզբից լրատվամիջոցները նյութեր են հրապարակում «գրավիչ» վերնագրերով, օրինակ` «ծեծկռտուք այսինչ գյուղում. իրավիճակը խիստ լարված է»: Այնուհետև կուսակցություններն ու նրանց քարոզչամիջոցներն են հանդես գալիս ամպագորգոռ հայտարարություններով` դատապարտում ենք, կպատժենք, ապրիլի 2-ից հետո կտեսնեք ձեր հալը և այլն: Բայց կա նաև երրորդ փուլը` ենթադրյալ տուժածները կամ նրանց ներկայացուցիչներն ասում են` «մենք արդեն բարիշել ենք», «ոչ մի միջադեպ չի եղել»: Միանգամայն ողջունելի է մարդկանց հաշտվելու, իրար ներելու պատրաստակամությունը: Ես ընդհանրապես գտնում եմ, որ մեր մշակույթին հատուկ չէ «վենդետայի» գաղափարախոսությունը: (Բազմաթիվ թերություններով հանդերձ մենք ունենք նաև նույնքան շատ արժանիքներ, նաև` այս մեկը): Բայց Օրենքը չպիտի հաշվի առնի` մարդիկ հաշտվել են, թե չէ, նրա համար գոյություն չունի նախընտրական վիճակ, նրա համար միևնույն պետք է լինի` ՀՀԿ ես, թե ԲՀԿ: Օրենքին չպիտի հուզի` դուք խնամիներ եք, քավոր-սանիկ եք, թե «դուշմաններ»: Օրենքը գործ ունի քաղաքացիների հետ, որոնք կատարել են կամ չեն կատարել այս կամ այն արարքը: Եվ որոշակի արարքների համար կան համապատասխան հոդվածներ: Մարդուն զենքի սպառնալիքի տակ «չոքացնելը» հոդված է, լոմով ձեռք ջարդելը հոդված է, ինքնաձիգից ոտքին կրակելը նույնպես հոդված է: Եթե, իհարկե, նման բան տեղի է ունեցել: Եթե չի եղել, ապա այն բոլոր մարդիկ, որոնք նման պատմություններ են արել` սուտ մատնություններ են ներկայացրել, ինչը նույնպես հոդված է: Շատ կուզեի, որ թե քաղաքական գործիչները, թե մեկնաբանները և թե շարքային քաղաքացիներն այս կամ այն խնդրի շուրջ դատողություններ անելիս մտքում ունենային ոչ թե «խաշային» կամ «ջիգյարային» կատեգորիաները, այլ այն հանգամանքը, որ իրենք ապրում են պետությունում, որի քաղաքացիներն ազատ են անել ամեն ինչ, բացի այն արարքներից, որոնք արգելված են օրենքով: «Նախընտրական միջադեպերի» մասնակիցները կարող են «տաքանալ», իսկ մի քանի օրից` «սառել»: Դա նորմալ է, մարդկային է: Բայց, միևնույն է, այդ միջադեպերը պետք է քննվեն, իսկ նրանք, ովքեր իրենց գյուղերում կամ թաղերում իրենց «ցարիբոգ» են զգում, դատվեն ու ազատազրկվեն: Թե չէ կուսակցությնները դրանց շուրջ մի երկու օր PR են անում, իսկ հետո մոռանում են»: [b]Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր