211652_close_icon
views-count5904 դիտում article-date 18:42 17-03-2017

Կայացել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված հայկական մշակույթի մեծանուն երախտավոր Տատյանա Հայրապետյանի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 17-ին, Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում կայացել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված ջութակահար, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ, Մովսես Խորենացու մեդալակիր, Չայկովսկու անվան դպրոցի երկարամյա տնօրեն Տատյանա Բագրատի Հայրապետյանին։ Միջոցառմանը ներկա էին՝ ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, Տատյանա Հայրապետյանի որդին՝ կոմպոզիտոր, ՀՀ Նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը, երաժիշտներ, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, արվեստասերներ և իհարկե` Տատյանա Հայրապետյանի սաները։ Մինչ միջոցառման մեկնարկը Չայկովսկու անվան դպրոցի համերգասրահը անվանակոչվեց Տատյանա Հայրապետյանի անվամբ։ Համերգասրահի հուշատախտակի բացման պատիվը վերապահված էր Տատյանա Բագրատովնայի թոռանը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, և դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանին։ Ներկաները նշում էին, որ հայկական մշակույթի մեծանուն երախտավոր Տատյանա Հայրապետյանն օժտված էր մարդուն սիրելու, մարդուն տրվելու մեծագույն շնորհով։ Նա տաղանդը գնահատում էր մարդկանց մեջ, տաղանդը բացահայտում ու արժևորում էր։ Տատյանա Բագրատովնայի կյանքի գլխավոր առաքելություններից էր մանկավարժությունը։ Նա դպրոցում կրթել, մեծացրել է երաժիշտների երեք սերունդ։ Նա հպարտանում էր իր երեխաներով։ Տատյանա Հայրապետյանը հայրենասեր անձնավորություն էր. կրթությունը ստանալով Մոսկվայում՝ վերադառնում է Հայաստան և դառնում իր երկրի շինարարներից մեկը։ Տատյանա Հայրապետյանի աշակերտներից է ականավոր ջութակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը։ Պարոն Թադևոսյանը նշել է, որ շատ մեծ է տիկին Հայրապետյանի դերը սերունդների գեղագիտական դաստիարակության հարցում։ «Ինձ մոտ եղել են կյանքի հատվածներ, որ նա փոխարինել է մորս։ Նրա նախաձեռնությամբ ես մեկնեցի Մոսկվա սովորելու։ Ավելին, ինձ հետ եկավ Մոսկվա և ներկա էր իմ ընդունելության քննություններին։ Տատյանա Բագրատովնայի աշակերտներից շատերն այսօր աշխարհի լավագույն բեմերում ներկայացնում են հայկական մշակույթը»,- նշել է Էդուարդ Թադևոսյանը։ Ցերեկույթի ընթացքում իրենց հիշատակի խոսքն են ասել բազմաթիվ երաժիշտներ, ովքեր բախտ են ունեցել ճանաչելու մշակույթի երախտավորին ու մեծ մանկավարժին։ Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Տատյանա Հայրապետյանի տարբեր տարիների աշակերտները։ Նշենք նաև, որ սահմանվել է Տատյանա Հայրապետյանի անվան կրթաթոշակ, որն այսուհետև կհանձնվի Չայկովսկու անվան դպրոցի լավագույն սանին։ Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր