211652_close_icon
views-count3232 դիտում article-date 14:28 17-03-2017

«Հայկական վերածնունդ»-ի նախագահը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են Հայաստանում նախընտրական գործընթացներին առնչվող հարցեր

Նախօրեին «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացներին առնչվող հարցեր: Ողջունելով դեսպանին՝ Արթուր Բաղդասարյանը ընդգծել է ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը և նշել է, որ կարևորում է ընտրությունների համապարփակ վերահսկողության հարցում դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների դերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քվեարկության գաղտնիության պահպանման, ընտրությունների արդյունքների էլեկտրոնային եղանակով ամփոփման և այլ հիմնախնդիրների: Դեսպանի առաջարկով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է նաև կուսակցության նախընտրական ծրագրի քաղաքական առաջնահերթությունները, ընտրական գործընթացի դրական և բացասական կողմերը: Իր հերթին ԱՄՆ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, մասնավորապես նշել է. «Հուսով ենք, որ տեղամասերում տեղադրված նոր տեխնիկական սարքավորումները կնվազեցնեն ընտրակեղծիքների հնարավորությունները քվեարկության օրը և նաև կօգնեն մեծացնել ընտրողների վստահությունը ընտրական գործընթացի ու ընտրության արդյունքների նկատմամբ: Կարևոր է սակայն հիշել, որ ընտրակեղծիքները չեն սահմանափակվում միայն նրանով, ինչ տեղի է ունենում քվեարկության օրը ընտրատեղամասում: Դրանք կարող են նաև ստվեր նետել ներկայումս Հայաստանի գյուղերում ու քաղաքներում ընթացող ընտրարշավի մթնոլորտի վրա: Ընտրությունների վերաբերյալ վերջնական գնահատական տալիս թե՛ մենք, թե՛ միջազգային հանրության մնացյալ մասը քննության ենք առնելու ընտրական գործընթացի բոլոր ասպեկտները՝ ընտրարշավի ընթացքից մինչև քվեարկություն ու ձայների հաշվարկ»:

Նմանատիպ նյութեր