211652_close_icon
views-count4426 դիտում article-date 12:44 17-03-2017

«Մանուկ Աբեղյանը․․․ պրիզիդենտ էր․․․ նրան էինք հաշվետվություն ներկայացնում մեր բաժինների գործունեության մասին»․ Դերենիկ Դեմիրճյան

1925 թվականի հունվարի 20-ին Հայաստանի Ժողկոմխորի հատուկ դեկրետով հիմնադրվում է Խորհրդային Հայաստանի առաջին գիտական կենտրոնը՝ Գիտության և արվեստի ինստիտուտը: Վերջինս «բարձրագույն գիտահետազոտական հիմնարկություն էր»: 1925 թվականի ապրիլի 27-ին հրավիրվում է ինստիտուտի առաջին ընդհանուր ժողովը և տեղի է ունենում ինստիտուտի բացումը։ Խորհրդի նախագահ է ընտրվում Հայկ Գյուլիքեվխյանը, փոխնախագահ՝ Մանուկ Աբեղյանը և գիտական քարտուղար Հովակիմ Բարսեղյանը: Նույն տարվա հոկտեմբերի 11-ին՝ ինստիտուտի ընդհանուր ժողովի երկրորդ նիստում, Հ. Գյուլիքեվխյանը հրաժարվում է նախագահությունից, և ժողովը միաձայն խորհրդի նախագահ է ընտրում Մ. Աբեղյանին։ 1925 թվականից մինչև 1930 թվականն անընդմեջ Աբեղյանը վերընտրվում է ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնում և այդ հինգ տարիների ընթացքում կատարում իր վրա դրված պարտականությունը։ Ինստիտուտի այդ տարիների արվեստի բաժնի գիտական քարտուղար, հետագայում ակադեմիկոս Դերենիկ Դեմիրճյանը Աբեղյանի մասին իր հուշ-ելույթներից մեկում գրել է. Մանուկ Աբեղյանը․․․ պրիզիդենտ էր․․․ նրան էինք հաշվետվություն ներկայացնում մեր բաժինների գործունեության մասին: Խստապահանջ էր երկաթի պես, կորեկտ, ջանադիր, բարեխիղճ ու գործունյա: Մենք հոգնում էինք, նա՝ ոչ: Նա աշխատում էր հանգիստ, հաստատ և հիմնավորապես: Նա ուսուցանում էր աշխատել, ներշնչում էր հարգանք ու ակնածանք դեպի գիտական ճշտությունը, գործի կատարման ստուգումը. ուսուցանում էր սիստեմ, մեթոդ, սեր դեպի գիտական աշխատանքն ու գիտությունը: Աբեղյանի ղեկավարության ներքո գիտության և արվեստի ինստիտուտն սկսում է գիտական ու մշակութային լայն գործունեություն ծավալել։ Ինստիտուտի ամենամյա «Տեղեկագրի» էջերում, ինպես նաև առանձին հրատարակություններով տպագրվում են Հայաստանի գիտական մտքի նոր նվաճումները։ Ինքը՝ Աբեղյանը, ինստիտուտում ու պետական համալսարանում պաշտոններով ծանրաբեռնվելուց անկախ, շարունակում է իր գիտական գործունեությունը։ Դրա ապացույցներից են «Հայոց լեզվի տեսություն» գրքի վերամշակումը, (տպագրված 1931 թվականին), և «Հին գուսանական ժողովրդական երգեր» մենագրական հետազոտությունը (տպագրված Պետհամալսարանի գիտական «Տեղեկագրի» էջերում, 1927 թվականին, առանձնատիպը՝ 1931 թվականին)։

Նմանատիպ նյութեր