211652_close_icon
views-count1619 դիտում article-date 13:30 16-03-2017

Գյուղտեխնիկայի հավաքակազմը 1-2 տոկոսով կնորացվի

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրին հավանություն տալու մասին որոշման նախագիծը: Նախարարը տեղեկացրեց, որ Հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի 90%-ն օգտագործվում է 20 տարուց ավելի և անցել է ամորտիզացիայի համար սահ­մանված ժամկետները: Գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածության հետևանքով կտրուկ ավելանում է նորոգում­ների և տեխնիկական սպասարկումների ծախսը, որի հետևանքով բարձրանում են նաև ծառայությունների սակագները: Գյուղատնտեսական արտադրությունն անհրաժեշտ չափով բավարարված չէ տեխնիկական միջոցներով` ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով: Գյուղտեխնիկական միջոցների միջին սարքինության մակարդակը կազմում է շուրջ 79.0 %: Գյուղտեխնիկայի հավաքակազմը գործունակ պահելու համար անհրաժեշտ է ամեն տարի այն թարմացնել 10-12,5 տոկոսով, մինչդեռ 1992 թվականից ի վեր ներկրված սակավաթիվ տեխնիկական միջոցները չեն ապահովել հավաքակազմի նորացումը: Վարչապետը նշեց, որ գյուղատնտեսության նախարարությունը աշխատում է, որպեսզի մաքսիմալ ժամանակակից պայմաններ ստեղծվեն գյուղատնտեսության զարգացման համար: «Մենք պետք է հստակ հասկանանք և իմանանք, որ եթե մենք գյուղատնտեսության մեջ տեխնոլոգիաների, գյուղմեխանիզացիայի և այլ խնդիրներ չլուծենք, մենք այնտեղ ռեալ դրական արդյունքներ չենք ունենալու: Հստակ հասկանում ենք, թե ոնց ենք անում և երկրորդը 2,2 միլիարդով չենք սահմանափակվում»,- ասաց Կարեն Կարապետյանը: Նշենք, որ, ծրագրի իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսությունում տնտեսավարողների վճարունակ պահանջարկի բավարարման համար՝ գյուղատնտեսական տեխնիկան լիզինգով ձեռք բերելու ուղղությամբ: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա նորացնել հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի շուրջ 1-2 տոկոսը, որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսությունում մեքենայացման մակարդակը, տնտեսապես կամրապնդվեն շահառու գյուղացիական տնտեսությունները և պայմաններ կստեղծվեն վերջիններիս կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար:

Նմանատիպ նյութեր