211652_close_icon
views-count2759 դիտում article-date 10:59 16-03-2017

Անվտանգության բաղադրիչի վերաբերյալ միասնական դիրքորոշում չկա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող Հանրապետականի նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը միանգամայն իրարամերժ հայտարարություններ են արել: Մարտի 11-ին Վիգեն Սարգսյանը «Վալդայ» ակումբի՝ Երևանում կայացած նիստում ելույթի ժամանակ հայտարարել է. «Հայաստանը կարող է կապող օղակ լինել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև»: Իսկ ահա Սերժ Սարգսյանը մարտի 13-ին իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում նույն թեմայով խոսելիս ասել է. «Մենք փոքր երկիր ենք, ուստի մեր դերը երբեք չենք գերագնահատում: Եվ ասել, որ մենք կարող ենք լինել կապող օղակ Արևմուտքի և ՌԴ միջև, չափազանցություն է: Եվ սրանով հանդերձ՝ մենք մշտապես աշխատում ենք, որպեսզի հավելյալ խնդիրներ չառաջացնենք Արևմուտքի և ՌԴ միջև»: Նկատենք, որ երկրի առանցքային պաշտոնյաների կողմից կարևորագույն խնդիրների վերաբերյալ իրարամերժ հայտարարությունները, թերևս, իշխանության ներսում տիրող իրավիճակի լավագույն վկայությունն են. ամենակարևոր հարցերի շուրջ նրանց միջև չկա միասնական դիրքորոշում: Ընդ որում, միասնական դիրքորոշում չկա հենց անվտանգության բաղադրիչի վերաբերյալ հարցում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր