211652_close_icon
views-count7063 դիտում article-date 09:01 14-03-2017

Հովհաննես Շիրազը, ստանալով «խելառ» մականունը, սկսում է հանգեր հորինել, բառեր կառուցել, բանաստեղծություններ գրել․ այսօր Շիրազի մահվան օրն է

Արհեստներով հարուստ քաղաք Գյումրիում Շիրազն սկզբում դառնում է կոշկակարի աշակերտ, ապա զբաղվում այլ արհեստներով, բայց ոչ մի զբաղմունք դուր չի գալիս նրան։ Դպրոցում էլ նա լավ սովորողներից չէր։ Միայն հայոց լեզուն էր, որ հարազատ էր նրան։ Այստեղ էլ երևում էր նրա բնածին տաղանդը։ Հասակակիցներից ստանալով «խելառ» մականունը, պատանին սկսում է անընդհատ հանգեր հորինել, բառեր կառուցել, բանաստեղծություններ գրել։ Գրում է ձեռքն ընկած պատառոտված թղթերի, ինչ-որ տեղից ճարած թղթե անձեռոցիկների վրա։ Այդ օրերին Գյումրիում իր գրական մայրամուտն էր ապրում Ատրպետը, որին էլ ապագա գրողը ծանոթացնում է իր բանաստեղծական գաղտնիքներին։ Ատրպետը դառնում է Շիրազի առաջին քննադատը և առաջինն էլ կռահում, որ ծնվող բանաստեղծը օժտված է շքեղ տվյալներով։ 1930 թվականին պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում։ Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ։ Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին։ Հեռու չէր նաև այդ օրը։ Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում։ Հովհաննես Շիրազը սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ 1984 թվականին, երբ այլևս չկար Շիրազը, գրականագետ Սուրեն Աղաբաբյանը գրում է. «...Ամեն օր, նույն ժամին հայտնվում էր Աբովյան, Ամիրյան, Տերյան փողոցների խաչմերուկներում՝ գլխին հավաքելով իր տաղանդի երկրպագուներին։ Սրանք ասես թե հաղորդակցվում էին Նոյի վաղնջական ժամանակներից, Ավարայրի ռազմադաշտերից, Անիի բերդապարիսպներից, հայոց պատմության քառուղիներից մեր օրերը հասած հրաշագործ առասպելական հերոսի հետ։ Այլևս չի երևալու ազգային ըղձասացի արծվենի կերպարանքը, այլևս բազմությունները չեն լսելու նրա կենդանի, սրամիտ, պատկերավոր խոսքը, այլևս Հովհաննես Շիրազը անցել է հավերժության գիրկը՝ անմահների համար սահմանված հավերժության օրենքով»։

Նմանատիպ նյութեր