211652_close_icon
views-count8326 դիտում article-date 22:12 13-03-2017

«Եղիշե Չարենցի նման մարդիկ եթե գնում են էլ՝ մնում են միշտ»․ Վահրամ Փափազյան

Չարենցն այն երևույթներից է, որոնց մոտից անտարբեր անցնելը նախ մեղք է, և հետո, վերջապես, հանցանք։ Իսկ ես մեկից ավելի պատճառներ ունեմ չկարենալու անբարբառ անցնել Եղիշեի մոտից, մանավանդ, երբ այդ երջանիկ օրերի հիշողությւոնը ծանրանում է գրչիս ծայրին։ Եղիշեի կյանքի ընկերը չկարողացա լինել. բուռն էր նրա ապրելակերպը և դրանով ներհակ իմ ըմբռնած կենցաղավարության ձևերին, բայց եղա նրա ստեղծագործության ընկերը, որովհետև չէր կարելի մի սիրտ ունենալ և չզգալ ու չենթարկվել նրա լայնաշունչ բանաստեղծությանը, թեև երբեմն ուլրտա-ժամանակակից, բայց երբեմն էլ Եզեկիելի մարգարեությունը հիշեցնող բիբլիական շեփորումին, որի համատարած նվագը թե' մեռնող անցյալի հուսահատ կանչը եղավ և թե' նոր ծագող վաղվա ուրախության աղաղակը։ Եղիշեն գրել էր մի փոքրիկ թատերգություն, ավելի շուտ մի քաղաքական պամֆլետ, որի կարճ տողերում և փոքրաթիվ էջերում կարողացել էր ամփոփել իր ժամանակի շունչը, երբեմն հասնելով նույնսիկ Արիստոֆանի ամեն ինչ ձաղկող հումորին, ամեն ինչ բուժող Ռաբլեի ծիծաղին, ամեն դիմակ պատռող Դանթեի ակնարկին... Այդ պամֆլետը կոչվում էր «Կապկազ թամաշա»: Եվ 1926 թատերաշրջանում, Թիֆլիսի Հայկական Դրամատիկ բեմի վրա ինձ վիճակվեց բեմադրել այդ գործը և ինքս անձնավորել այդ գործի գլխավոր կեպար՝ Ղարայի դերը։ Ահա այդ կարճատև փորձերի ընթացքում ճանաչեցի ու հասկացա Չարենցին։ Մեր ազգի մեծագույն ու արժեքավոր մի հատվածի կործանումին ականատես այդ մարդը՝ աշխարհասասան մի ցասումի համառ կուտակումն էր, ինչպես և չտեսնված մի վրեժի ամենակործան պոռթկումը։ Քիչ է պատահել ինձ որևէ գործի վրա աշխատել հեղինակի ներկայությամբ, ինչպես և նրա մասնակցությամբ։ Եվ ահա այդտեղ, խաղարկելիս գործը կամ այն վերլուծելիս, ակամայից խուզարկեցի ու վերլուծեցի բանաստեղծ բարեկամիս սիրտը, մի ավելորդ անգամ ևս զարմանալով կենսունակության վրա բազմաչարչար ժողովրդիս, որ իր բազմադարյան գոյոթւյան ընթացքում կարողացել է միշտ ծնունդ տալ իր հավաքական պոռթկումը աշխարհիս չորս ծագերին խոսող բանաստեղծների։ Չարենցի նման մարդիկ եթե գնում են էլ՝ մնում են մի'շտ։ Վահրամ Փափազյան

Նմանատիպ նյութեր