211652_close_icon
views-count4170 դիտում article-date 19:48 11-03-2017

Մայր բուհում տեղի ունեցավ ԵՊՀ արագ շախմատի անհատական առաջնություն

Մարտի 9-10-ը Մայր բուհում տեղի ունեցավ ԵՊՀ արագ շախմատի անհատական առաջնություն: Ուսանողական մարզական միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնը՝ ԵՊՀ ՈՒԳԸ-ի աջակցությամբ: Մասնակցության իրավունք ունեին առնվազն 3-րդ մարզական կարգ ունեցող ուսանողներն ու ասպիրանտները: Մրցումներն անցկացվեցին շվեցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով, 15-ական րոպե ժամակարգով: Ուսանողների և ասպիրանտների մասնակցությամբ շախմատի առաջնություններ նախկինում նույնպես կազմակերպվել են, սակայն այսպիսի ներկայացուցչական կազմով և պայմաններով անցկացվում էր առաջին անգամ: ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դասախոս, շախմատի հավաքականի մարզիչ Վրեժ Օրդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս մրցաշարով սկիզբ է դրվում ուսանողական և դասախոսական շախմատային մի նախաձեռնության, որը հետագայում շարունակական բնույթ կունենա. «Մասնակիցների քանակը աննախադեպ է: Առաջնությանը հայտագրվել են 52 ուսանողներ և ասպիրանտներ, որոնցից շատերը փորձված, ազգային և միջազգային վարկանիշային կարգ ունեցող կայացած շախմատիստներ են: Նրանք բազմիցս հանդես են եկել Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնություններում»: Շախմատասեր ուսանողների թվի աճն ու մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը պարոն Օրդյանը կապում է վերջին տարիներին դպրոցներում «Շախմատ» առարկայի ներդրմամբ: Ռոբերտ Մանուկյանը սովորում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսում: Մինչ այս հասցրել է արձանագրել մի շարք հաջողություններ: Առաջիններից մեկն էր, ով հաղթեց մրցաշարի առաջին փուլում. «Բանակից զորացրվել եմ մի քանի ամիս առաջ, և ժամանակն է վերականգնել մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունս (ժպտում է): Սա հիանալի հնարավորություն է այն ուսանողների համար, ովքեր սիրում են շախմատ խաղալ. չէ՞ որ ուսանողական առօրյան պետք է հագեցած լինի նաև մարզական իրադարձություններով»: Հաղթողների համար սահմանված էին դրամական մրցանակներ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հանձնարարականով մրցաշարում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողները պարգևատրվեցին համապատասխանաբար 25.000 դրամ, 20.000 դրամ և 15.000 դրամ պարգևներով: Հատուկ մրցանակ էր նախատեսված նաև «Լավագույն շախմատիստուհու» համար, ով ստացավ 15.000 դրամ: Պարոն Օրդյանը տեղեկացրեց նաև, որ հաղթողներն ընդգրկվելու են ԵՊՀ շախմատի թիմում: Ուսանող մարզիկները շուտով կմասնակցեն ՀՀ միջբուհական ուսանողական հանրապետական մարզական խաղերին:

Նմանատիպ նյութեր