211652_close_icon
views-count3964 դիտում article-date 18:32 10-03-2017

Մսի շուկան կարգավորվու՞մ է

«Գում»-ի շուկայի տարածքում հակասանիտարական պայմաններում իրականացվող և տարիներ շարունակ խիստ տհաճ տեսարան ստեղծող մսի վաճառքը, կարծես թե, անցյալում է: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մի քանի ամսվա ջանքերը տվեցին իրենց արդյունքը, մնում է ամրապնդել այն ամենօրյա վերհսկողությամբ՝ թույլ չտալով վերադառնալ նախկին «փնթի» վիճակին: Տեղական ինքնակառավարման մարմիններն էլ՝ պատշաճ հետևեն աղբահանությանը: Տարիներով կուտակված հարցերն ու խնդիրներն, իհարկե, մեկ օրում լուծելի չեն, մանավանդ, որ հաճախ համակարգային բնույթ են կրում, սակայն այս օրինակը ցույց է տալիս, որ հետևողական, մարդկանց բացատրելու և օգնելու աշխատանքի ձևը կարող է լավ արդյունք տալ: Եվ որ պարտադիր չէ՝ վերահսկողության խստացումը տնտեսավարողին պատժել ենթադրի: Մսի իրացման շղթայում, կենդանուց մինչև սպառող անվտանգությունն ապահովելու նպատակով արդեն իրականացվում են սպանդանոցային մորթին անցման առաջին քայլերը, ինչպես նաև խիստ պահանջ է դրվել անասնաբուժասանիտարական փորձաքննությունների որակի նկատմամբ: Հանրապետությունում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող 32 ՍՊԸ-ներ կան, որոնցից երեքում, որոնք սպասարկում են գրեթե ողջ մայրաքաղաքը, Ծառայությունն արդեն իսկ ստուգումների ընթացքում զգալի խախտումներ է հայտնաբերել: Գաղտնիք չէ, որ ոչ պատշաճ փորձաքննության հետևանաքով է հաճախ սննդամթերքը դառնում վտանգավոր, հետևաբար, բոլոր այս կազմակերպություններում հետևողական վերահսկողությունը էականորեն կնվազեցնի մսի իրացման շղթայում ռիսկերը: Եթե սրան հավելենք նաև մսի փոխադրամիջոցների համար առաջիկայում սանիտարական գրքույկների պահանջ դնելու մասին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հայտարարությունը, ոլորտն ամբողջությամբ կարգավորվելու մեծ շանսեր ունի: Մսի շուկայում արձանագրված հաջողությունը կարող է շղթայաբար բերել այլ ոլորտներում դրական փոփոխությունների, այդ թվում և՝ մարզերում: Միսը, հատկապես շոգ եղանակային պայմաններում, բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերք է, հետևաբար ողջունելի է, որ ամռանն ընդառաջ էականորեն փոխված ոլորտ կունենանք: Հուսանք՝ ՍԱՊԾ նոր գործելաոճը կբարելավի սննդի որակը մեր երկրում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր