211652_close_icon
views-count2877 դիտում article-date 09:25 09-03-2017

Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդը փոխադարձ բաժակաճառերով են հանդես եկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ի պատիվ պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 8-ի երեկոյան Նախագահ Ֆրանսուա Օլանդի անունից Ելիսեյան պալատում տրվել է պաշտոնական ընդունելություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 25 տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի հարցերին, ինչպես նաև Ֆրանսիայի հայ համայնքի կարևոր դերակատարությանը երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: *** Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից տրված պաշտոնական ճաշին Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք, Ասում են՝ իրական բարեկամիդ ճանաչում ես դժվարության պահին։ Ասում են նաև, որ «բարեկամը նա է, ով ունակ է կիսելու քո հաջողությունը»։ Հայ-ֆրանսիական փառավոր պատմությունը փաստում է, որ երբ համադրվում են այս երկու ճշմարտությունները, բարեկամությունը դառնում է առանձնաշնորհյալ։ Հայ-ֆրանսիական բարեկամությունը չի սկսվել Հայաստանի անկախությունից. մեր ժողովուրդները միմյանց ճանաչելու և սերտորեն համագործակցելու առիթ են ունեցել վաղ միջնադարից: Դեռևս Կիլիկյան Թագավորության օրոք հայ արքաները հանդիսացել են Ֆրանսիայի միապետերի դաշնակից բարեկամները: Դրա վկայություններից է այն, որ Կիլիկյան վերջին թագավոր Լևոն 6-րդի աճյունը հանգչում է ֆրանսիական արքայական գերեզմանատանը՝ Սեն Դենի աբբայությունում: Հենց այս պատմական կապերի շնորհիվ էր, որ խորհրդային միության փլուզումից հետո հայ ժողովուրդը, միանգամայն ճանաչելի էր ֆրանսիացիներին, ինչի արդյունքում անկախության հենց առաջին պահից Հայաստանի ու Ֆրանսիայի միջպետական հարաբերությունները թռիչքային զարգացում ապրեցին։ Պարո՛ն Նախագահ, Ինձ համար մշտապես մեծ պատիվ ու հաճույք է Ձեզ հետ աշխատելը՝ հանուն այս բարեկամության, ինչը մշտապես ուղղորդում ու զորացնում է Հայաստանի ու Ֆրանսիայի միջպետական հարաբերությունները։ Արդյունքը համագործակցության աննախադեպ ընդգրկուն օրակարգն է՝ քաղաքականից ու տնտեսականից մինչև հումանիտար ու երկարաժամկետ զարգացման ծրագրեր։Վստահ եմ, որ սա ամենևին սահմանագիծ չէ. բարեկամության բազմաթիվ դրսևորումները մեր համատեղ ջանքերով դեռ պիտի հավելենք նորերով։ Ինչպես դուք եք ասել՝ ժամանակն ու զբաղեցրած պաշտոնը չեն ձևավորում մեր համոզմունքները։ Շնորհակալ եմ Ձեզ և Ֆրանսիայի բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին այս ջերմ ընդունելության, ինչպես նաև փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում շփվելու, հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու պատրաստակամության համար: Քանի որ իմ այցը համընկել է նաև այս շատ գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի հետ, ցանկանում եմ շնորհավորել ձեզ՝ սիրելի՛ տիկնայք և ի դեմս ձեզ՝ բոլոր հայ և ֆրանսիացի կանանց՝ մաղթելով անսահման երջանկություն։ Ձեր դերն անփոխարինելի է մեր կյանքին և քաղաքականությանը ներդաշնակություն ու հմայք հաղորդելու հարցում։ Հարգարժա՛ն գործընկերներ և բարեկամներ, Քառորդ դար աշխատելով համատեղ՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, մենք անցել ենք իրադարձություններով հագեցած ուղի, բազմապատկել ու խտացրել այն կապերը, որ ժառանգել ենք պատմությունից՝ դրանց հաղորդելով ավելի գործնական, ավելի առարկայական ու նաև ապագային միտված բնույթ։ Ֆրանսիան Հայաստանի անկախության վերականգնման հենց առաջին պահից կանգնեց մեր երիտասարդ պետության կողքին և այդ օրից անվերապահ աջակցում է մեր երկրի պետականաշինության առաջընթացին՝ լինելով նաև հուսալի գործընկեր եվրոպական և միջազգային հարթակներում։ Նման բարեկամության ունակ է միայն այնպիսի պետությունը, որն առաջին հերթին հզոր է իր քննություն բռնած գաղափարներով, օրինակելի փորձով ու սեփական ձեռքբերումներով կիսվելու պատրաստակամությամբ։ Սա է մեզ համար ֆրանսիական ոգու յուրահատկությունը։ Եվ որքան Ֆրանսիան է Հայաստանի կողքին, նույնքան էլ Հայաստանն է սրտացավ Ֆրանսիայի համար։ Հայաստանում մեծ ցավ ապրեցինք, երբ ահաբեկչության ահասարսուռ հարվածը հասավ Փարիզ, Նիս ու Ֆրանսիայի այլ վայրեր՝ խաթարելով անմեղ մարդկանց, ողջ ֆրանսիական ժողովրդի բնականոն կյանքի ընթացքը։ Եղածը չես փոխի, բայց օրինակելի է այն տոկունությունը, որով Ֆրանսիայի իշխանություններն ու ժողովուրդը դիմակայեցին այդ սարսափելի փորձությանը։ Օրինակելի է նաև Ֆրանսիայի և անձամբ Ձեր, պարո՛ն Նախագահ, մոտեցումը հայ ժողովրդի վերապրած մեծագույն փորձության աներկբա դատապարտման հարցին։ Ճշմարիտ է ասված՝ չես իմանա, թե որտեղից սփոփանք ու հույս կգա: Երբ ցեղասպանություն վերապրած հայը ոտք դրեց այս հեռավոր երկիր, ֆրանսիացի մեծ ժողովրդի շնորհիվ գտավ իր սփոփանքն ու հույսը։ Նա նորից տուն կառուցեց ու նորից արարեց։ Իզուր չէ, որ Ֆրանսիայի հայկական համայնքն աշխարհին ճանաչելի է ինտեգրվածության իր բարձր մակարդակով և միաժամանակ սեփական արմատներին, ազգային հարուստ մշակույթին ու ավանդույթներին հավատարիմ մնալու վառ օրինակով։ Այ սերևույթը լավագույնս բանաձևել է մեր մեծանուն երգահան Շարլ Ազնավուրը՝ ասելով. «Ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ և 100 տոկոսով՝ հայ»: Սա մեզ համար մեծ հպարտության աղբյուր է նաև զգացական առումով: Հարգելի՛ հյուրեր, Չծանրաբեռնելով ձեզ ղարաբաղյան հիմնախնդրի մանրամասներով՝ կուզեի ասել միայն, որ մեր նպատակը խաղաղությունն է։ Զենքի ուժը ոչ մեկին և երբեք բարիք չի բերել, խաղաղությունն էլ հաստատվել է այնտեղ, ուր տիրել է դիմացինին ականջալուր լինելու ու խելամիտ փոխզիջումների անհրաժեշտության գիտակցումը։ Ակնհայտ է, որ խաղաղությունը ոչ թե հակասությունների բացակայությունն է, այլ դրանք խաղաղ միջոցներով կարգավորելը։ Տիկնա՛յք և պարոնա՛յք, Վստահությունը բարեկամության առաջին պայմանն է։ Թող հայ-ֆրանսիական բարեկամությունը երբեք վստահության պակաս չունենա։ Եկեք բաժակ բարձրացնենք ի պատիվ մեծարգո պարոն Նախագահի, ի փառս Ֆրանսիայի, նրա տաղանդավոր և աշխատասեր ժողովրդի, ի հարատևումն հայ-ֆրանսիական բարեկամության: Կեցցե՛ Ֆրանսիան: Կեցցե՛ Հայաստանը: *** Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի բաժակաճառը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պատվին տրված պաշտոնական ճաշին Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հայաստանի կառավարության հարգելի՛ անդամներ, Հարգարժա՛ն պատգամավորներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Վերստին հաճելի է ձեզ ընդունել Փարիզում: Այսօր՝ մարտի 8-ը, Կանանց միջազգային օրն է, որն արդեն ոչ աշխատանքային օր է Հայաստանում: Այս առիթով ցանկացա այս ընդունելությանը հրավիրել կանանց, որոնք ոչ միայն ֆրանս-հայկական հարաբերությունների զարգացման ոլորտում են հայտնի, այլ նաև այն արժեքների պաշտպանության մեջ, որ կիսում են մեր երկու երկրները: Մենք տոնում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մեր ընդհանուր պատմությունը չի սահմանափակվում այս 25 տարիներով: Ֆրանսիայի հայ համայնքն աշխարհի զորեղ համայնքներից մեկն է: Ֆրանսիան գիտի, թե ինչով է պարտական այն հայերին, որոնք պաշտպանեցին մեր ազատությունը: Նրանք պայքարեցին մեր հողի վրա այն արժեքների համար, որ մենք կիսում ենք մինչ այսօր: Հաղթանակից հետո նրանք մասնակցեցին վերակառուցմանը, ինչպես դա արել էին Համաշխարհային առաջին պատերազմին: Այսօր նրանք մասնակցում են Ֆրանսիայի հռչակի տարածմանը՝ արվեստի, գիտության, շարժանկարի, մշակույթի, երգի, գրականության, տնտեսության բոլոր բնագավառներում: Պարո՛ն Նախագահ, Ինձ համար պարտականություն և պատիվ էր Երևանում լինել 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչմանը: Մի մեխակ դնելով կրակի մոտ՝ ես ուզում էի իմ վկայությունը բերել այն պայքարին, որ տանում է Ֆրանսիան, որպեսզի երբեք չմոռացվի այն ողբերգությունը, որի հետևանքով հայ ժողովրդի մի մասը կոտորվեց, իսկ մյուս մասը` սփռվեց աշխարհով մեկ: Մենք միշտ պետք է պայքար տանենք թե՛ մոռացության, թե՛ ժխտման դեմ, քանի որ թե՛ մեկը, թե՛ մյուսը միայն մեկ հետևանք ունեն՝ այսօրվա կոտորածները դարձնել հնարավոր: Դուք գիտեք իմ հանձնառությունն այս հարցի շուրջ և հօգուտ Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտող խոսքերն ու գրությունները քրեականացնող օրենսդրությանը: Ես չեմ հիշեցնի այն, ինչ արդեն արվել է 2001 թվականի հունվարի 29-ից ի վեր, երբ քվեարկվեց օրենքը, որով Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղյակ եք, Սահմանադրական դատարանը, որի որոշումները պարտադրվում են բոլորին, համարեց, որ այդպիսի կարգադրումն անհամաչափորեն վնասում է արտահայտվելու ազատությանը: Հենց այս պատճառով է, որ Ֆրանսիան կշարունակի գործել հօգուտ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտելիքների առաջխաղացման և գիտահետազոտության արդյունքների տարածման, որպեսզի ճանաչվի այս ճշմարտությունը: Մենք գործում ենք նաև ապագայի համար: Ուզում ենք ձեր կողքին լինել՝ որոշումները հարգելով: Ավելի քան երեք տարի առաջ դուք որոշեցիք անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Ես անձնապես պարտավորվեցի, որպեսզի այս անդամակցությունը հարցականի տակ չդնի այն կապերը, որ դուք ցանկանում եք ունենալ Եվրոպայի հետ և կարողանաք Եվրամիության հետ ստորագրել մի նոր շրջանակային համաձայնագիր: Ապագան միշտ կառուցելու համար է: Ֆրանսիան ուզում է մնալ արևմտյան ներդրողների առաջին շարքերում: Շատ լավ գիտեմ Ձեր ջանքերը ձեր երկրի տնտեսական գրավչությունը բարելավելու համար: Մեր ձեռնարկությունները դա լավ հասկացել են, և Ֆրանսիան ներկա է գյուղատնտեսական մթերքների վերամշակման, հեռահաղորդակցության, տրանսպորտի և մի շարք այլ ոլորտներում: Ֆրանսիական զարգացման գործակալությունն արդեն ֆինանսավորում է բնակարանային շինարարության ծրագրեր, գյուղատնտեսական զարգացման ենթակառույցներ և, հատկապես, ոռոգման համակարգը: Դա նաև ապակենտրոնացված համագործակցության ձգտում է, որին մենք աջակցում ենք, և ես ուրախ եմ, որ բազմաթիվ ընտրյալներ, որոնք ներկայացնում են Ֆրանսիայի շրջանները, այս նույն ձգտումը կիսում են: Կրթության ոլորտում 15 տարուց ի վեր Հայաստանում Ֆրանսիական համալսարանը պատրաստում է հազարավոր կատարյալ ֆրանսախոս երիտասարդների: Առիթից օգտվում եմ Ձեզ շնորհավորելու, պարո՛ն Նախագահ, ընդունելու համար Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը կազմակերպելու պատասխանատվությունը: Ֆրանսիան պատրաստ է ձեզ օգնելու այս կարևորագույն իրադարձությանը պատրաստվելու: Խաղաղ և ապահով ապագա կառուցելու համար մենք պարտավոր ենք շարունակելու մեր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորելու գործում: Դուք գիտեք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրի պատրաստակամությունը այս հակամարտությանը լուծում գտնելու մեջ: 2016 թվականի ապրիլյան բախումները և մի քանի օր առաջ պատահած դեպքերը դրա ողբերգական ապացույցներն են: Ոչինչ այդքան վատ չէ, ինչքան ստատուս քվոն: 23 տարուց ի վեր կողմերը բանակցում են առանց որոշակի արդյունքի հասնելու: Բազմաթիվ անգամ լուծումը շատ մոտ էր թվում: 2014 թվականի հոկտեմբերին ես ինքս նախաձեռնություն վերցրեցի Ձեզ հրավիրելու Փարիզ ադրբեջանցի Ձեր պաշտոնակցի հետ միասին: Մենք առաջընթաց ունեցանք հատկապես հակամարտության ընթացքում անհետացած անձերի ճակատագրի ցավալի հարցում, բայց չկարողացանք ավելի հեռուն գնալ: Սակայն բանակցությունները շարունակելուն ոչ մի այլընտրանք չկա, եթե բոլորս համաձայն ենք, որ հակամարտության ռազմական լուծումը բացառված է: Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ համընդհանուր խորհրդակցությամբ՝ Ֆրանսիան անդադար շարունակում է իր միջնորդական ջանքերը: Լուծման պայմանները հայտնի են` «Մադրիդյան սկզբունքներն են», որոնց հիմքերն են` ուժի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականության հարգումը և ինքնորոշման իրավունքը: Ֆրանսիան պատրաստ է աջակցելու այս ուղղությանը տարվող ցանկացած նախաձեռնությանը: Պարո՛ն Նախագահ, Ձեր ներկայությունն այստեղ մի նոր նշան է այն խոր և իրական հարաբերության, որ դարերից ի վեր կապում է Ձեր երկիրը և իմ երկիրը: Այս պատմությունը մեզ պատիվ է բերում և պարտավորեցնում է, հիմք է դնում մի բարեկամության, որին ոչինչ չի կարող սասանել: Դա այս բարեկամությունն է, որը Դուք եկել եք տոնելու, և ես այս անսասան բարեկամության համար է, որ հիմա բարձրացնում եմ բաժակս: Կեցցե՛ Ֆրանսիան: Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ ֆրանս-հայկական բարեկամությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր