211652_close_icon
views-count3343 դիտում article-date 23:15 08-03-2017

Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 8-ին, երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-ֆրանսիական միջխորհրդարանական երկխոսությունը շարունակելու է հատուկ դերակատարում ունենալ երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի Ազգային ժողովը եվրոպական բազմաթիվ երկրների խորհրդարանների, այդ թվում` Ֆրանսիայի Սենատի հետ բարեկամական կապերի բարի ավանդույթ է ձեւավորել, որն անհրաժեշտ է պահպանել եւ զարգացնել: Նախագահ Սարգսյանի գնահատմամբ, հայ-ֆրանսիական հարաբերությունների ոգուն համահունչ` խորհրդարանական համագործակցությունը դրսեւորվում է նաեւ բազմակողմ հարթակներում` Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում: Նախագահը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանում ֆրանսիական պատվիրակության անդամների պատրաստակամությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու Հայաստանին հուզող հարցերը։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաեւ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստանի եւ Ֆրանսիայի արդյունավետ փոխգործակցությունը: Հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին: ՀՀ Նախագահը խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում Ֆրանսիայի անուրանալի դերի մասին եւ շնորհակալություն հայտնել խորհրդարանականներին անհանդուրժողականության եւ ատելության դեմ հետեւողական պայքարի համար: Սերժ Սարգսյանը հանդիպման ավարտին գրառում է կատարել Սենատի Պատվավոր հյուրերի գրքում: «Մեծագույն հաճույք է հյուրընկալվել պատմությամբ լեցուն այս վայրում` բարեկամ Ֆրանսիայի Սենատում։ Ամփոփելով ֆրանսիական հարուստ մշակութային բացառիկ ժառանգությունը՝ այն հիրավի հնի ու նորի գերազանց համակեցության վայր է։ Հպարտության եւ միեւնույն ժամանակ հուզմունքի զգացողություն եմ ապրում՝ գտնվելով այստեղ, ուր 17 տարի առաջ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք, որը եւս մեկ անգամ ընդգծեց Ֆրանսիայի առաջատար դերը համամարդկային արժեքների պաշտպանության գործում եւ, իհարկե, անվերապահ համերաշխությունը հայ ժողովրդի հետ»,-գրել է Նախագահ Սարգսյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր