211652_close_icon
views-count3760 դիտում article-date 16:33 06-03-2017

Բացվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը. ներկա է եղել ՀՀ Սփյուռքի նախարարը

Մարտի 6-ին Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի նախասրահում բացվեց Կանանց միջազգային օրվան նվիրված «Սիրիա¬հայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ: Ցուցահանդես-տոնավաճառի բացմանը մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը շրջեց տաղավարներով, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատեց նրանց տաղանդն ու աշխատասիրությունը, սպասարկման բարձր մշակույթն ու մատուցման ինքնատիպ ոճը և իր հիացմունքը հայտnեց հատկապես ձեռագործ աշխատանքների և նրբաճաշակ արծաթյա իրերի վերաբերյալ: Այնուհետև Սփյուռքի նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա մասնավորապես նշեց. «Կազմակերպելով ցուցահանդես-տոնավաճառներըը՝ ցանկանում ենք, որ սիրիահայերը Հայրենիքում ճանաչելի դառնան, նրանց աշխատանքները հասարակությանը ներկայացնենք, որպեսզի նրանք ինտեգրվեն հասարակությանը: Ավանդական դարձած այս ցուցահանդես-վաճառքների ժամանակ նրանց օգնում ենք, պայմաններ ենք ստեղծում, որ ապրանքները վաճառվեն, ապրելու առումով հոգսն ինչ-որ կերպ թեթևացնեն: Մաղթում եմ, որ աշխատանքի նկատմամբ նրանց նվիրվածությունը պահպանվի և նույն սիրով շարունակեն աշխատել: Իսկ Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր հայ կանանց, նրանք են հայ ընտանիքի, հայ տեսակի, մշակույթի պահապանները, նրանց մաղթում եմ խաղաղություն, առողջություն, որ կարողանան պահպանել իրենց բնորոշ կեսասիրությունն ու ստեղծագործ ոգին, որ շարունակեն շենացնել իրենց օջախն ու Հայրենիքը»: Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված են 60-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք: Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես-տոնավաճառը կգործի մարտի 6-7-ը, ժ.10:00-19:00:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր