211652_close_icon
views-count5582 դիտում article-date 21:05 05-03-2017

Վ. Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթի եզրափակիչ փուլերին կմասնակցի Խաչիկ Անդրեասյանը

Ս. թ. փետրվարի 26-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացել է Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային 2-րդ մր­ցույ­թի ընտրական, տարածաշրջանային 2-րդ փուլը: Լսումների արդյունքում` մր­ցույ­թի եզրափակիչ փուլերին կմասնակցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող, ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման ծրագրի անդամ Խաչիկ Անդրեասյանը (դասախոս՝ Արմեն Բաբախանյան): Երևանյան փուլի լսումներին մասնակցել են 9-ը պատանի դաշնա­կահարներ. Հայաստանից` 6-ը, Ռուսաստանից` 2-ը, Վրաստանից` 1-ը: Երևանյան փուլի հանձնաժողովի կազմում ընդգրկված էին` մրցույթի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Ռոմանովսկին /Ուկրաինա-Իտալիա/, անվանի դաշնակահար, ՌԴ Ժողովրդական արտիստ, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի աստղերի ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Օվչիննիկովը /Ռուսաստան/ և ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ-ի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյան /Հայաստան/: Հիշեցնենք, որ մրցույթն իրականացվում է երկու տարիքային խմբում` մինչև 13 և 13-18 տարեկանների համար և անցկացվում է 4 փուլով: Մրցանակային ֆոնդը կազմում է 50.000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլար, սահմանված են նաև հատուկ մրցանակներ՝ բազմաթիվ համերգներ աշխարհահռչակ նվագա­խմբերի հետ, մենահամերգներ՝ աշխարհի լավագույն բեմերում: Տեղեկացնենք, որ Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային 2-րդ մր­ցույ­թի 1–ին փուլը կայացել է 2016 թվականի նո­յեմբերի 1-15-ը. այս փուլում մասնակիցները ընտրվել են ձայնա­գրու­թյունների միջոցով: Մրցույթի 2-րդ ընտրական փուլը, որը կենդանի լսումների ձևաչափով է, անցկացվում էր 2017 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ը, 7 քաղաք­ներում` Մոսկվա, Սանկտ–Պետերբուրգ, Տոկիո, Միլան, Պեկին, Նյու–Յորք, Երևան: Մրցույթի 3-րդ և 4–րդ փուլերը կանցկացվեն 2017 թվականի մարտի 27-31-ը, Մոսկվայում` Երաժշտության տան մեծ դահլիճում: Եզրափակիչ փուլը կանցկացվի Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ գործող Ռուսաստանի ազգային սիմ­ֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Մրցութային հանձնաժողովի կազմում են` Ալեքսանդր Ռոմանովսկին (Ուկրաինա-Իտալիա), Տոմաս Բեկդորֆը (Չիլի), Ջուզեպե Անդոլորոն (Իտալիա), Ալեքսանդր Մուտուզկինը (ԱՄՆ), Կատյա Սկանավին (Ռու­սաստան), Միխայիլ Շալամովը (Գերմանիա):

Նմանատիպ նյութեր