211652_close_icon
views-count3498 դիտում article-date 19:50 04-03-2017

ԵՊՀ-ում Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը հանդիպեց ՌԴ առաջատար մասնագետների հետ

ԵՊՀ-ում Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հանդիպեցին ՌԴ ռադիոէլեկտրոնիկայի ոլորտի առաջատար մասնագետների պատվիրակության հետ: Հանդիպման սկզբում հյուրերին ողջունեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: Նա նշեց, որ Մայր բուհն ունի ավելի քան 19.000 ուսանող, 2500 աշխատակից, որից 1500-ը պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ են. «Համալսարանն ունի նաև բազմաթիվ կենտրոններ ու լաբորատորիաներ, որոնք զբաղվում են գիտահետազոտական աշխատանքներով»: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը, ներկայացնելով հայկական կողմի ներկայացուցիչներին, ասաց, որ ֆակուլտետն ունի չորս ամբիոն և երեք լաբորատորիա: Ռուսական պատվիրակության ներկայացուցիչ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ռադիոէլեկտրոնային արդյունաբերության բաժնի տնօրեն Սերգեյ Խոխլովը նշեց, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել եռօրյա այցով և նպատակ ունի կապեր հաստատել ռադիոէլեկտրոնիկայով զբաղվող ընկերությունների հետ. «Մենք հաճելիորեն զարմացած ենք այս ոլորտում հայաստանյան ընկերությունների զարգացվածության մակարդակի վրա թե՛ տեխնիկական, և թե՛ կադրային առումով»: Հանդիպման ընթացքում ռուսական պատվիրակության ներկայացուցիչները խոսեցին նաև «Նորարարական ռադիոէլոկտրոնիկա» խորագիրը կրող գիտատեխնիկական նախագծերի ամենամյա մրցույթի մասին, որի նպատակն է ձևավորել ռադիոէլեկտրոնիկայի ոլորտի կառավարչական և ինժեներական կադրերի ռազմավարական պահուստ, որը կազմված կլինի երիտասարդ տաղանդավոր մասնագետներից և հետազոտողներից: Նրանք առաջարկեցին ԵՊՀ հետազոտողներին նույնպես մասնակցել այդ մրցույթին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմանի համագործակցության հետագա հնարավոր ուղիները:

Նմանատիպ նյութեր