211652_close_icon
views-count4581 դիտում article-date 18:20 04-03-2017

Ստորագրվել է հուշագիր. Հայաստանի ազգային կինոկենտրոնին կտրամադրվեն շարժական կինոթատրոններ

Ս. թ. մարտի 2-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է հուշագիր` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության միջև «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շարժական կինոթատրոններ տրամադրելու մասին: Հուշագիրը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը: Հուշագրի համաձայն` ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց կտրամադրի 4 շարժական կինոթատրոն: Շարժական կինոթատրոնները կընդգրկվեն Հայաստանի մարզերում ամբողջ տարվա ընթացքում անցկացվող՝ «Մշակութային կանգառ» ծրագրում: Նախարար Արմեն Ամիրյանի տեղեկացմամբ՝ շարժական կինոթատրոնը հսկայական էկրան է, ժամանակակից, բարձրորակ կինոպրոեկտոր, ձայնային հրաշալի համակարգ, որը ցանկացած բացօթյա հարթակում կարող է ապահովել ֆիլմերի որակյալ ցուցադրում: Հուշագրով նախատեսվում է նաև չինական ֆիլմերի ցուցադրություն: «Ուրախ ենք, որ հրաշալի նախաձեռնության մասնակիցն ենք դառնում, որի գաղափարի հեղինակն անձամբ նախարար Ամիրյանն է: Երջանիկ ենք, որ մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանում մեր հարաբերությունները լուրջ զարգացում են ապրում, հատկապես, այդ ոլորտում»,-իր խոսքում նշել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն: Արմեն Ամիրյանը հավելել է. «Վերջին չորս ամիսների ընթացքում Չինաստանի դեսպանության հետ սա երկրորդ կարևոր համագործակցությունն է: Դեռ 2016 թվականի դեկտեմբերին Չինաստանի դեսպանատան տրամադրած 25 հազար դոլար դրամաշնորհը հատկացվել է Հանրապետության թանգարաններում շուտով գործելիք աուդիովիզուալ գիդերի հավելվածի ստեղծմանը»:

Նմանատիպ նյութեր