211652_close_icon
views-count38165 դիտում article-date 23:55 03-03-2017

ՀՀ լավագույն ուսանողուհու կոչմանն այսօր արժանացավ Արուս Խչեյանը

Այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցույթի հաղթող է ճանաչվել Ամերիկյան Համալսարանի մագիստրատուրայի ուսանողուհի Արուս Գագիկի Խչեյանը և պարգևատրվել հավաստագրով և ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարի սահմանած անվանական կրթաթոշակով: Ա.Խչեյանը ծնվել է 12.09.1991թ-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, 1998-2008 սովորել և գերազանցությամբ ավարտել տեղի Հ. Համբարձումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, այնուհետև 2008-2012թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական Համալսարանի Լեզվաբանություն բաժնում և ավարտել գերազանցությամբ: 2012-2014թթ սովորել և գերազանցությամբ ավարտել Երևանի Պետական Համալսարանի, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան: 2014-ից մինչ օրս սովորում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, գերազանց առաջադիմությամբ: Տիրապետում է փայլուն անգլերեն, իսպաներեն, ռուսերեն, արաբերեն և ֆրանսերեն լեզուների: Մասնակցել է գիտաժողովների թե’ Հայաստանում և թե’ Հայաստանից դուրս, և արժանացել բազմաթիվ պատվոգրերի և հավաստագրերի: 2012թ. –ից մինչ օրս աշխատում է «Աստղավարդ» Հաշմանդամ Երեխաների Ծնողների ՀԿ-ում որպես կամավորական-թարգմանիչ: 2013 թ.-ից աշխատում է Միջազգային Աստղագիտական միությունում որպես Գիտաժողով 304-ի Կազմակերպչական կոմիտեի օժանդակող խմբի ղեկավար, թարգմանիչ: Նշենք, որ արդեն չորրորդ տարին «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը, մրցույթի չափանիշները և մրցույթի մասնակցության հայտի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն` անցկացվում է մրցույթ՝ ներբուհական և (միջբուհական) հանրապետական փուլերով, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով: Ներբուհական փուլն իրականացվում է բուհերում, որի արդյունքում ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացվում մրցույթի առաջին փուլի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով և ըստ ոլորտների մեկակական հաղթողների փաստաթղթերը: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվում է հանրապետական մրցույթային հանձնաժողով, որն ամփոփելով բուհերի կողմից ներկայացված փաստաթղթերը` որոշում է կայացնում ըստ աստիճանների և ոլորտների հաղթողներին: Մրցույթի հաղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորների քանակի հիման վրա, որտեղ հաշվի է առնվում ներկայացված թեկնածուի ուսման առաջադիմությունը, գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը (բացառությամբ մշակույթ-սպորտ ոլորտի, որտեղ հաշվի են առնվում ուսման մեջ մասնագիտական ձեռքբերումները՝ ցուցահանդեսներ, մրցույթներ) և հասարակական ակտիվությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր