211652_close_icon
views-count3723 դիտում article-date 18:31 03-03-2017

Մենք կարող ենք եվրոպացիների համար լինել վստահելի և կանխատեսելի հարևան. Սերժ Սարգսյանի հարցազրույցը Euronews-ին

Հարկավոր է խոսել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության մասին, և Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ այդ համագործակցությունը հնարավոր է: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում [url=http://www.euronews.com/2017/03/02/eu-armenia-edge-towards-cooperation-deal]Euronews[/url]-ին տված հարցազրույցում: Սերժ Սարգսյանն օրեր առաջ Բրյուսելում ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ավարտել են Եվրամիության հետ բանակցությունները՝ 2013-ի տապալված ասոցացման համաձայնագրի փոխարեն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ: Փաստաթուղթը հավանաբար կստորագրվի մայիսին: «Եվրոնյուզի» լրագրողը Հայաստանի ղեկավարից հետաքրքրվել է՝ նոր փաստաթուղթը հետընթա՞ց է չկնքված ասոցացման համաձայնագրից, թե՞ քայլ առաջ: «Երկու կողմերի բարի կամքի դրսևորմամբ՝ այս համաձայնագիրը էականորեն չի տարբերվում նախորդից․ քաղաքական մասում գրեթե տարբերություն չկա: Ինչ վերաբերում է տնտեսական մասին՝ մենք ուղղակի պետք է այնպես անեինք, որպեսզի չխախտեինք մեր մյուս պայմանավորվածությունները»,- ասել է Սերժ Սարգսյանը: «Եվրոնյուզի» լրագրողը, հիշեցնելով, որ Ռուսաստանն առարկել է Եվրամիության հետ Ուկրաինայի և Հայաստանի՝ ասոցացման համաձայնգրեր կնքելուն, Սարգսյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք Հայաստանը տապալեց ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որպեսզի գոհացնի դաշնակից Ռուսաստանին: «Ի սկզբանե, երբ փաստաթուղթը բանակցվում էր՝ մենք խոսում էինք «և-և»-ի մասին, այսինք և՛ ասոցացման համաձայնագիր, և՛ Եվրասիական տնտեսական միության անդամ: Ռուսական կողմը մեզ երբեք չի ասել՝ մի գնացեք ստորագրեք: Ռուսական կողմն ասել է՝ «եթե պետք է ստորագրեք, եթե Եվրասիական տնտեսական միության անդամ չպետք է լինեք, ապա պարտավոր կլինեք, օրինակ, էներգակիրները գնել միջազգային գներով»,- ասել է Սերժ Սարգսյանը: Անցած տարեվերջին ՀԱՊԿ-ը, որի անդամն է նաև Հայաստանը, հայտարարել էր, որ մտադիր է հակադարձել ՆԱՏՕ-ին Ռուսաստանի սահմանների մոտ սպառազինություններ կենտրոնացնելու համար: «Եվրոնյուզը» Սարգսյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք անվտանգության հարցում Հայաստանը այլընտրանք է համարում Ռուսաստանը: «Երեկ ես հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին և հրավիրել եմ նրան Հայաստան, որպեսզի մենք միասին կարողանանք ի մի բերել այն աշխատանքը, որ կատարել ենք այս 25 տարիների ընթացքում: Այնպես որ՝ այս համագործակցությունը չի խոչընդոտում ՀԱՊԿ-ում մեր համագործակցությանը Ռուսաստանի հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը: Լրագրողը հարցրել է, թե ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել Եվրոպային, «դե ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին գիտենք»: «Մենք ունենք բազմաթիվ հայտնի մարդիկ, մենք Մխիթարյան ունենք, մենք ունենք Լևոն Արոնյան, մենք ունենք օլիմպիական չեմպիոններ, բայց կարծում եմ, որ մենք Եվրամիությանը կարող ենք օգտակար լինել նաև ապրանքներ արտահանելով, բայց ոչ միայն: Այսօր Հայաստանում բուռն կերպով զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները: Բայց ամենակարևորը, մենք կարող ենք եվրոպացիների համար լինել վստահելի և կանխատեսելի հարևան»,- ասել է Սերժ Սարգսյանը: Պատասխանելով կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ հարցին, Սերժ Սարգսյանն ասել է. «Իմ խորին համոզմամբ՝ խորհրդարանական համակարգն առավել արդյունավետ կառավարման հնարավորություն է ընձեռում»: Նա հավելել է, որ խորհրդարանական համակարգը նաև հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին՝ ընդհանրապես քաղաքացիական հասարակությանը, ավելի ակտիվ մասնակցել երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը և երկրի կառավարմանը: Դա նաև հնարավորություն է տալիս ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում քաղաքացիներն ավելի քիչ դժգոհության պատճառներ կունենան:

Նմանատիպ նյութեր