211652_close_icon
views-count2889 դիտում article-date 22:36 02-03-2017

Կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, 27-րդ հոդվածի 4-րդ մասով, Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի կանոնադրության 6-րդ գլխով, մարտի 2-ին տեղի է ունեցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Հոգաբարձուների խորհրդի նիստում, միաձայն քվեարկությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընտրվել է Հիմնադրամի խորհրդի նախագահ: Հիմնադրամի տնօրեն է ընտրվել ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը: «Ազգային ժողովում քննարկումների ժամանակ երբ ներկայացնում էի այս նախաձեռնությունը, բազմաթիվ խնդիրներ լսեցինք հիմնադրամի թափանցիկության և արդյունավետության հետ կապված: Այդ իսկ պատճառով հոգաբարձուների խորհուրդը աշխատելու է թափանցիկ»,- ասել է պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ խորհուրդն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հիմնադրամին կատարվեն նաև կամավոր փոխանցումներ: Անդրանիկ նիստի ընթացքում հաստատվել է նաև հիմնադրամի հաստիքացուցակը: Ըստ այդմ, Կենտրոնական բանկի 15 աշխատակից կամավորական սկզբունքով իրականացնելու են հիմնադրամի գործունեությունը: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությունը առաջիկա հինգ տարիներին կկառավարի Կենտրոնական բանկը և դրա համար վարչական ծախսեր նախատեսված չեն: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի շրջանակում կայացել է նաև հիմնադրամի www.1000plus.am կայքէջի շնորհանդեսը:

Նմանատիպ նյութեր