211652_close_icon
views-count3979 դիտում article-date 15:02 01-03-2017

Ծովագյուղում արտադրված հնդկաձավարը շուտով կհայտնվի տեղական շուկայում. նախարարը այցելել է Գեղարքունիքի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Նախարարը մեկնել է Ծովագյուղ համայնք, որտեղ եղել է ENPARD ծրագրի շրջանակում ստեղծված հնդկացորենի վերամշակման գործարանում: 2015 թվականից մարզում ENPARD–ի շնորհիվ ստեղծվել են 5 կոոպերատիվներ, որոնք զբաղվում են հնդկացորենի մշակությամբ, և հենց նրանց արտադրած հնդկացորենն էլ վերամշակվում է այս արտադրամասում: Նախարարի խոսքով` սա բավական հետաքրքիր ծրագիր է, որը հնարավորություն կտա փոխարինել ներմուծումը տեղական արտադրանքով, ուստի պահանջակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո կառավարությունը ծրագրի շարունակականությունն ապահովելու և ընդլայնելու նպատակով կքննարկի հնդկացորենի արտադրության համար հատուկ պարարտանյութերի և սերմացուի սուբսիդավորման հարցը: Պատասխանատուները հավաստիացրել են` արդեն ապրիլի վերջին կունենան փաթեթավորված վերջնական արտադրանք, և հայաստանյան սպառողը հնարավորություն կունենա մանրածախ շուկայից գնել Գեղարքունիքում արտադրված հայկական հնդկաձավարը: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հավելել է, որ կառավարության աջակցության պարագայում հնդկացորենի արտադրությունը մարզում զարգացման մեծ հեռանկարներ կարող է ունենալ և ցանքատարածությունները կհասնեն մինչև 1000 հեկտարի: Այնուհետև նախարարն ուղևորվել է մարզկենտրոն Գավառ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Օրակարգում մարզից ներկայացված ներդրումային ծրագրերն էին, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրների կառավարման և մրցունակության» ծրագրին, ինչպես նաև պետության կողմից սուբսիդավորված սերմացուների և պարարտանյութերի պարտքերի վերադարձին առնչվող և այլ հարցեր: Գեղարքունիքի մարզից կառավարության քննարկմանը ներկայացված ծրագրերից 7-ը հավանության է արժանացել, որից 3-ի պարագայում նաև հստակեցվել են ֆինանսավորման աղբյուրները, ընդ որում Ակունքի պանրի գործարանի գործարկման առաջարկությունը համարվել է տարածաշրջանի զարգացման համար լոկոմոտիվային: Այն կյանքի կոչելու դեպքում մարզում կստեղծվի 25-30 աշխատատեղ, կլուծվի ամռան ամիսներին կաթի մթերման խնդիրը: Մարզից ներկայացված մյուս ծրագրերը վերաբերում են կաթի մթերման և կաթնամթերքի արտադրության հզորությունների ընդլայնմանը, շինշիլաբուծական տոհմային տնտեսության, ոչխարաբուծության զարգացմանը, կտավատի ձեթի արտադրությանը, հնդկացորենի արտադրության և հնդկաձավարի իրացման համակողմանի ավելացմանը: Նախարարը շահառուների հետ քննարկել է ծրագրերի իրատեսականությունը, ֆինանսավորման աղբյուրների ներգրավման հնարավորությունները և այլ հարցեր: Անդրադառնալով պետական օժանդակության ծրագրերին` Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ այս տարի նույնպես կշարունակվեն պարարտանյութերի և գարնանացան սերմացուի սուբսիդավորման ծրագրերը, կպահպանվեն գներն և կբավարարվի մարզի կողմից ներկայացված ամբողջ պահանջարկը, դիզելային վառելանյութի սուբսիդավորումն այս պահին համարվել է աննպատակահարմար: Միաժամանակ նախարարն ուշադրություն է հրավիրել նախկին տարիներին կուտակված պարտքերի վերադարձի խնդրին` ընդգծելով, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է ակտիվացնել: ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը զեկուցել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրների կառավարման և մրցունակության» ծրագրի առաջին և երկրորդ փուլերում իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ այդմ` Գեղարքունիքի մարզի 42 համայնքում ստեղծվել են արոտագործողների սպառողական կոոպերատիվներ, կառուցվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգեր (86,75 կմ ջրագիծ, 69 խմոց), տրամադրվել է 473 միավոր գյուղտեխնիկա, ինչպես նաև տարբեր համայնքներում դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել: 2017 թվականի ընթացքում նախատեսվում է մարզի 6 համայնքում ավարտել արոտավայրերի ջրարբիացման համակարգերի կառուցման աշխատանքները (ընդամենը` շուրջ 39 կմ ջրագիծ, 12 խմոց), տրամադրել շուրջ 74 մլն դրամի գյուղտեխնիկա և 8 000-50 000 ԱՄՆ դոլարի չափով նպատակային ֆինանսական օժանդակություն կաթի, մսի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի և մեղրի ոլորտների արտադրողներին, վերամշակողներին և արժեշղթայի այլ մասնակիցներին:

Նմանատիպ նյութեր