211652_close_icon
views-count11637 դիտում article-date 23:09 26-02-2017

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Ստեփանավանում էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր աշխատանքային այցով Լոռու մարզ ժամանած ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախ եղավ Ստեփանավան քաղաքում: Նախարարին աղ ու հացով, ինչպես նաև ժողովրդական պարով դիմավորեցին Ստեփանավանի Ստեփան Շահումյանի տուն- թանգարանում, որտեղ էլ տեղակայված է նաև ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող մշակույթի և ժամանցի կենտրոնը: Նախարար Ամիրյանին ուղեկցում էին Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը , Լոռու մարզպետարանի մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը և Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի տնօրեն Գարիկ Սուքիասյանը, ովքեր նախ խոսեցին թանգարանում կատարված աշխատանքներից, ապա նախարարը շրջեց ցուցասրահներով, ծանոթացավ քաղաքի պատմությանը, իսկ Ստեփան Շահումյանի տուն-թանգարանում ներկայացված ցուցանմուշներին ծանոթանալուց հետո նախարարին ուղեկցեցին նաև պատկերասրահ և մշակութային խմբակներ: Խոսելով շենքային պայմանների մասին՝ հյուրընկալողները նշեցին, որ տուն- թանգարանը և կից շինությունը հիմնանորոգման կարիք ունեն. սեփական ուժերով տանիքի մի մասը վերանորոգել են, որի շնորհիվ հնարավոր է դարձել պահպանել Շահումյանի տունը, սակայն խնդրի հիմնովին լուծման համար, ըստ նախահաշվի, անհրաժեշտ է առնվազն 143 մլն դրամ. նշված գումարով հնարավոր կլինի նաև կառույցի ջեռուցման խնդիրը լուծել: Նախարար Արմեն Ամիրյանն ի պատասխան նշեց, որ մշակույթի և ժամանցի կենտրոնի գործունեության համար նախարարության կողմից տարեկան հատկացվում է շուրջ 33 մլն դրամ գումար: Ամիրյանի խոսքով՝ «շենքում պայմանների բարելավումը խնդիր է , բայց երկրորդական. առաջին հերթին պետք է ապահովել նոր մոտեցումներ, ներկայանալ որակյալ մշակույթով, ունենալ ասելիք»: Ստեփանավանը 19000 բնակիչ ունի, սակայն մշակույթի և ժամանցի կենտրոնում ընդամենը 35 սան է մշակութային կրթություն ստանում. առաջին հերթին այս թիվը պետք է հասցնել մի քանի հազարի, անհրաժեշտության դեպքում, ըստ նախարարի, կարելի է տարածքը օգտագործել նաև նորարարական գաղափարների կյանքի կոչման համար, օրինակ՝ կազմակերպել ՏՏ ոլորտի դասընթացներ: Մշակույթի նախարարությունը վերանորոգման համար առայժմ միջոցներ չի հատկացնի: Արմեն Ամիրյանը կառույցի տնօրենին հանձնարարեց՝ հնարավորինս սեղմ ժամկետներում զարգացման հստակ ծրագրեր կազմել և ներկայացնել նախարարություն, որոնք կքննարկվեն և համատեղ ուժերով կյանքի կկոչվեն, որից հետո միայն կարելի է խոսել շենքային պայմանների բարելավման մասին: Ինչ վերաբերում է նախարարության համապատասխան ծրագրերով անցկացվող միջոցառումներին, ապա այս իմաստով մշակույթի և ժամանցի կենտրոնը պլանը գերակատարել է. Տուն-թանգարան մուտքի տոմսերից ստացվող՝ պլանով նախատեսված 400 հազար դրամի փոխարեն թանգարան մուտք է եղել 800 հազար դրամ: Մշակույթի և ժամանցի կենտրոնում էին նաև Լոռի Բերդ համայնքի ղեկավար Խաչատուր Բալայանը և «Լոռի Բերդ» պատմամշակութային արգելոցի տնօրեն Կիմ Սերոբյանը: Նրանք էլ խոսեցին «Լոռի Բերդ» պատմամշակութային արգելոցի խնդրների, մասնավորապես ՝ արգելոց տանող ճանապարհի 2 կմ երկարությամբ հատվածի բարեկարգման մասին: Տարածքում չկան զբոսաշրջիկների համար անհրաժեշտ պայմաններ, իսկ տարածք մուտք գործելու համար ոչ ոք չի վճարում, քանի որ տոմսերի վաճառք իրականացնելու թույտվություն դեռևս չկա: Խոսելով ճանապարհի մասին՝ Ամիրյանը նշեց, որ կդիմեն Լոռու մարզպետարան, իսկ մնացած հարցերը նախարարը խոստացավ ուսումնասիրել կարճ ժամանակամիջոցում: Բայց մինչ այդ, Ամիրյանը արձանագրեց, որ այս դեպքում ևս անհրաժեշտ է գործուն ծրագիր կազմել, ոչ թե՝ խնդիրները ներկայացնել բանավոր: Ստեփանավան այցի ավարտին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը շնորհակալություն հայտնեց Արմեն Ամիրյանին՝ այցելության համար, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի տնօրենն էլ Ստեփանավանի և Ստեփան Շահումյանի մասին պատմող գրքեր նվիրեց նախարարին՝ խոստանալով՝ ծրագրերը կազմելուն պես ներկայացնել նախարարություն: Տեղեկացնենք, որ նախարար Արմեն Ամիրյանը քաղաքի այլ մշակութային օջախներ չայցելեց, քանի որ նախապես կազմված օրակարգում ներառված էին այցելություններ միայն մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող հիմնարկներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր