211652_close_icon
views-count2817 դիտում article-date 18:14 25-02-2017

Կայացավ Հայաստանի լրագրողների շախմատի 3-րդ առաջնությունը

Փետրվարի 25-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց արդեն ավանդական դարձած ԶԼՄ-ների միջև անցկացվող շախմատի 3-րդ առաջնությունը: Երրորդ անգամ մրցաշարի հաղթող ճանաչվեց «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող Վադիմ Մկրտչյանը, երկրորդ տեղը գրավեց Նարեկ Վարազդատյանը haymedia.am կայքից, իսկ երրորդ մրցանակակիրը դարձավ մրցաշարի ամենատարեց մասնակից, «Ասպետ» թերթի խմբագիր, 70-ամյա Արթուր Բունիաթյանը: Մրցաշարին մասնակցում էին 19 լրատվամիջոցի ներկայացուցիչներ: 1-3 տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին գավաթներով և գումարային մրցանակներով հովանավորի կողմից: Չորրորդ տեղ գրաված մասնակիցը ստացավ հուշանվեր: Իսկ մրցանակները հանձնեցին շախմատի կրկնակի Օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան, հովանավորն՝ Երևանի քաղաքապետարանը, աջակցում էին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը և «Սիլ Մաազա» ընկերությունը: Լրագրողների շախմատային առաջնությունը անցկացվեց մեկ օրվա ընթացքում 7 խաղափուլով, արագ շախմատի կանոնակարգով: Յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին հատկացվել էր 10-ական րոպե ժամանակ, յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Մրցաշարի գլխավոր մրցավարն է՝ միջազգային մրցավար Նունե Վարդանյանը:

Նմանատիպ նյութեր