211652_close_icon
views-count2903 դիտում article-date 10:39 25-02-2017

2016-ին արտահանման կտրուկ աճը պայմանավորված է 2015-ի կտրուկ անկմամբ. «168 ժամ»

«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «2016 թվականին Հայաստանի արտահանումն աճեց 20%-ով, այդ թվում՝ դեպի Ռուսաստան արտահանումը՝ 51.5%-ով (արտահանման ծավալը դեպի ՌԴ կազմել է 371 մլն դոլար)։ Այս հանգամանքը երբեմն օգտագործվում է՝ ցույց տալու համար, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը սկսել է «աշխատել», և հայաստանյան արտադրողները սկսել են նվաճել Եվրասիական տնտեսական միության շուկան։ Իրականում 2016 թվականին դեպի Ռուսաստան արտահանման ծավալների կտրուկ աճը պայմանավորված է 2015 թվականի կտրուկ անկմամբ։ Հիշեցնենք, որ, եթե 2014 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանվել էին 308.4 մլն դոլարի ապրանքներ, 2015-ին այդ ցուցանիշը նվազեց մինչև 245.2 մլն դոլար։ Աճի որակն ավելի ակնհայտ երևում է հատկապես կոնյակի արտահանման ցուցանիշով։ 2016 թվականին Հայաստանից ՌԴ կոնյակի (ալկոհոլային խմիչքների) արտահանումն աճել է 56.9%-ով և կազմել 125.4 մլն դոլար, որը Հայաստանից ՌԴ արտահանման 1/3-ն է։ Տպավորիչ աճ է, սակայն հիշեցնենք, որ 2014 թվականին արտահանվել էր 132.2 մլն դոլարի ապրանք։ Եվ 2016-ի աճը գրանցվել է այն պարզ պատճառով, որ 2015 թվականին այդ թիվը նվազել էր մոտ 40%-ով՝ հասնելով 79.9 մլն-ի։ Դրա պատճառն էլ այն է, որ ռուբլու արժեզրկման պատճառով տեղական արտադրողների մի մասը պարզապես հրաժարվել է ապրանքն արտահանել Ռուսաստան, փոխարենը՝ գերադասել է պահեստավորել և սպասել ավելի բարենպաստ ժամանակների։ Ինչպես երևում է, այդ բարենպաստ ժամանակը եղել է 2016 թվականը. ռուբլու փոխարժեքի որոշակի ամրապնդումից հետո տեղական արտադրողները սկսեցին արտահանել ոչ միայն՝ նույն տարում արտադրած, այլև՝ 2015-ից պահուստավորած ապրանքը»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր