211652_close_icon
views-count1364 դիտում article-date 21:36 24-02-2017

ԱԳ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը մասնակցել է Չինաստանի գործարար և կառավարման բնագավառի ղեկավարների հետ առցանց կոնֆերանսին

Փետրվարի 23-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը մասնակցեց Չինաստանի պետական կառույցների, խոշոր ձեռնարկությունների, գործարար ասոցիացիաների ղեկավարների և տարբեր երկրներում Չինաստանի դիվանագետների հետ առցանց համաժողովին: Համաժողովը նվիրված էր Հայաստանում առևտրա-ներդրումային միջավայրի խնդիրներին: ԱԳ նախարարի տեղակալը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի տնտեսության կառուցվածքը, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները: Նա տեղեկացրեց Հայաստանում ներդրումային միջավայրի և տնտեսական գործունեություն ծավալելու պայմանների մասին: Ռոբերտ Հարությունյանն անդրադարձավ նաև հայ-չինական միջկառավարական հանձնաժողովին, որի շրջանակներում քննարկում է երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի բարելավման խնդիրները, այդ թվում գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից, ինչպես նաև ներդրումային և այլ համագործակցության ծրագրեր: Ռոբերտ Հարությունյանը նշեց նաև, որ Չինաստանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիրը ստանալ ՀՀ տարածք մուտք գործելուն պես, ինչը կարևոր խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար: Համաժողովի ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, քիմիական, էլեկտրական սարքավորումների ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները: Առանձնակի ուշադրություն դարձվեց Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքում ստեղծված առևտրային հնարավորություններին: Համաժողովի ժամանակ չինական գործընկերների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել նմանատիպ ձևաչափով քննարկումները:

Նմանատիպ նյութեր