211652_close_icon
views-count4120 դիտում article-date 20:42 24-02-2017

Տեղի ունեցավ նկարչուհի Րիհամ Աֆիֆիի «Լեգենդների աշխարհում» պատկերագրքի շնորհանդեսը

Փետրվարի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ եգիպտացի արաբ նկարչուհի Րիհամ Աֆիֆիի «Լեգենդների աշխարհը» պատկերագրքի (“The lands of legends”) շնորհանդեսը, որտեղ ներկայացված են հեղինակի՝ Հայաստան կատարած երեք ուղևորությունների արդյունքում ստեղծված հայաստանյան բնանկարները: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Եգիպտոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Մաաթին, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Եգիպտոսի Հանրապետության Հայ դատի հանձնախմբի նախագահ Արմեն Մազլումյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, արվեստաբաններ, մտավորականներ, հյուրեր: Րիհամ Աֆիֆիի գեղանկարների ցուցահանդեսը կայացել է 2016թ. դեկտեմբերի 2-ին Կահիրեի «Պիկասո» պատկերասրահում, որի հասույթը նվիրվել է «Թահիա Միսր» հիմնադրամին՝ երկրի կրթական ծրագրերին աջակցելու նպատակով: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը բարձր գնահատեց Րիհամ Աֆիֆիի մեծ սերն ու համակրանքը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: «Մասնագիտությամբ ակնաբույժ-վիրաբույժ Րիհամը 2015թ. ապրիլին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում այցելելով Հայաստան՝ այնքան է տպավորվել մեր մշակույթով, եկեղեցիներով, հուշարձաններով և հատկապես հյուրասեր հայ ժողովրդով, որ Հայաստանում ստեղծած գծանկարներն ու լուսանկարները դարձրել է գեղանկարներ, - նշեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ ընգծելով, - հայ-եգիպտական բարեկամությունը դարերի պատմություն ունի, և մենք շնորհակալ ենք եգիպտական իշխանություններին, որ ստեղծել են բոլոր պայմանները հայ համայնքի պահպանման և զարգացման համար»: Հայկական մշակույթը ճանաչելի դարձնելու գործում ներդրած ջանքերի համար նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով պարգևատրեց Րիհամ Աֆիֆիին: Այնուհետև ելույթ ունեցավ Հայաստանում Եգիպտոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Մաաթին: Նա նշեց, որ երկու ժողովուրդներն էլ հին և բարձրակարգ քաղաքակրթությունների կրողներ են, և հենց այդտեղից է գալիս փոխըմբռումը, հայ-եգիպտական դարավոր բարեկամությունը: «Եգիպտոսում հայկական համայնքը միշտ էլ կարևոր դեր է կատարել երկրի քաղաքական, սոցիալական և հասարակական կյանքի զարգացման գործում: Մենք հարգում ենք հայերին և հայկական մշակույթը: Այսօր այս միջոցառմանը դուք մեծարում եք Րիհամ Աֆիֆիին: Հուսով եմ՝ նաև ՀՀ սփյուռքի նախարարի անկեղծ հոգածության ներքո մեր երկու ժողովուրդները է՛լ ավելի կսերտացնեն իրենց բարեկամությունը», - նշեց դեսպան Թարեք Մաաթին: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն ընդգծեց, որ Հայաստանի մասին համաշխարահային մեծության շատ արվեստագետներ են գրել, նկարել: «Նրանց կողքին այսօր իր ուրույն հայացքով առանձնացավ Րիհամ Աֆիֆին», - ասաց նա: Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց. «Այս պատկերագիրքն, անկասկած, Հայաստան աշխարհի հանդեպ Րիհամ Աֆիֆիի տածած մեծ սիրո պտուղն է: Զարմանալի է, որ Րիհամը, չունենալով նկարչի մասնագիտական կրթություն, այսքան գեղարվեստորեն և հարազատորեն է վերարտադրել հայկական բնապատկերները, հուշարձանները»: Կարեն Աղամյանը հավելեց, որ Րիհամ Աֆիֆին արժանի է դառնալու և կդառնա հայ նկարիչների միության պատվավոր անդամ: Պատկերագրքի մասին գնահատանքի խոսքով հանդես եկավ արվեստաբան Մարինա Ստեփանյանը: Նա նշեց, որ Րիհամ Աֆիֆին իրապես ճանաչել և սիրել է հայ ժողովրդին: Վկան՝ նրա ջրաներկ նկարները, որ յուղաներկ նկարների արժեքն ունեն: Եգիպտոսի Հանրապետության Հայ դատի հանձնախմբի նախագահ Արմեն Մազլումյանը հավելեց, որ արվեստագետի համար շատ կարևոր է նման գնահատանքը և այն նոր լիցքերով աշխատելու ուժ կտա: Այնուհետև ելույթ ունեցավ Րիհամ Աֆիֆին: Նա շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար և նշեց. «Այո՛, 1915 թվականը մեծ խարան է Հայոց ցեղասպանությունն իրագործած պետության համար, և նրանք, ի վերջո, պետք է ընդունեն իրենց ոճիրը: Ես անբացատրելի զգացողություն ունեցա՝ 2015թ ապրիլին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցելով Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման մեծ պատարագին: Ես ամեն անգամ զարմանում եմ հայերի հետ խոսելիս: Նրանք շատ հյուրասեր են: Այստեղ ես հայտնաբերեցի, թե հայերը որքան բարի են և որքան շատ են սիրում իրենց հողը: Ասում են, որ մեծ դժբախտություն է, երբ նռնենիները հատվում են կացնով: Թող նռնենիները ծաղկեն ամենուր այս երկրի վրա»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր