211652_close_icon
views-count1933 դիտում article-date 20:54 23-02-2017

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այց է կատարել Բավարիայի երկրամասի Վյուրցբուրգ քաղաք

Փետրվարի 23-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այց է կատարել Բավարիայի երկրամասի Վյուրցբուրգ քաղաք: Այցի շրջանակներում դեսպան Սմբատյանը հանդիպում է ունեցել Վյուրցբուրգի քաղաքապետ Քրիստիան Շուխարթի հետ, որի ընթացքում քննարկվել են ապակենտրոնացված համագործակցության հեռանկարային հարցերը: Քաղաքապետ Շուխարթը ներկայացրել է Վյուրցբուրգի և այլ քաղաքների միջև ունեցած համագործակցության ձևաչափերը, ինչպես նաև դրանց հետագա ընդլայնման հնարավորությունները։ Դեսպան Սմբատյանն իր հերթին ներկայացրել է ՀՀ մարզերի և քաղաքների հնարավորություններն ու պատրաստակամությունը` ապակենտրոնացված համագործակցություն ծավալելու գերմանական երկրամասերի և քաղաքների, մասնավորապես՝ Վյուրցբուրգի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2005 թվականից Վյուրցբուրգ քաղաքում գործող «Ինտերկապ» գերմանական բարեգործական ընկերության գործունեությանը, որը տարիներ շարունակ ակտիվ համագործակցում է «Ինտերկապ» հայկական ընկերության հետ: Նույն օրը դեսպան Սմբատյանը հանդիպում է ունեցել նաև Վյուրցբուրգի Յուլիուս-Մաքսիմիլիանս համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ալֆրեդ Ֆորխելի հետ, ով ՀՀ դեսպանին ներկայացրել է Վյուրցբուրգի համալսարանի ծրագրերը և հնարավորությունները, իսկ դեսպանն անդրադարձել է ՀՀ բուհերի հետ հնարավոր համագործակցությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել ԳԴՀ Բավարիա երկրամասում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Այգիկ քահանան:

Նմանատիպ նյութեր